Ախալքալաքի քաղաքային իշխանություններն ի՞նչ են կարողացել անել մունիցիպալիտետում աղբահանության ոլորտում։ Անցնող մեկ տարում նոր աղբամանների ձեռքբերման և տեղադրման, արհեստական աղբավայրերի վերացման, աղբի տեսակավորման ուղղությամբ ծրագրված ու արված աշխատանքների մասին Jnews-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից։
Ախալքալաքի քաղաքապետարանն անցնող մեկ տարում կարողացել է մունիցիպալիտետում մոտավոր 240-ով ավելացնել աղբամանների քանակը, ինչպես նաև Սպասարկման կենտրոնին անհրաժեշտ, եվրոպական չափանիշներին համապատասխան 4 նոր տեխնիկա ձեռք բերել, որից մեկը նվեր է ստացել։
«Այս տարի 4 հատուկ տեխնիկա ենք ձեռք բերել, որից աղբատար մեքենան նվեր ենք ստացել։ Ինչպես նաև դրամաշնորհի ենք մասնակցել, սպասում ենք պատասխանի, եթե հաստատեն, ապա ձյուն տեղափոխող բեռնատար կունենանք։ Այդ տեխնիկան կարևոր է մեր մունիցիպալիտետի համար», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Վերջինիս խոսքով, մունիցիպալիտետն ավելին է կատարել, քան ծրագրել էր 2024 թվականին աղբահանության ոլորտում։
«Իմ կարծիքով, շատ ավելին ենք արել, քան նախատեսել էինք, քանի որ ծրագրել էինք 120 աղբաման գնել և տեղադրել գյուղերում, փոխարենը 240 աղբաման ենք գնել, մոտավոր 400 000 լարիի սահմաններում», – ասաց Մնացական Փամփուխչյանը։
Վերջինս հավելում է՝ մունիցիպալիտետը գրեթե 80 տոկոսով վերացրել է արհեստական աղբավայրերը, չնայած այս ուղղությամբ աշխատանքներ դեռ կան անելու։
«Արհեստական աղբավայրերի խնդիրը հիմնականում լուծել ենք։ Ամենամեծերն են մնացել, Դիլիսկան է, որը ոչ միայն մեծ գումարների հետ է կապված, այլև այդտեղ տեխնիկա չի կարող մտնել։ Խանդոն վերացավ, Ալաստանում ևս ունեինք՝ վերացավ, Բեժանոն գրեթե վերացավ, քանի որ բնակիչները սովորույթի ուժով մեկ-մեկ նորից այդտեղ են թափում աղբը։ Կարող եմ ասել, որ ամենավատ տեղերը վերացավ, հիմնախնդրային է մնում միայն Դիլիսկան», – ասաց Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետը։
Այս տարի՝ 2024 թվականին մունիցիպալիտետը ծրագրում էր աղբի տեսակավորման համար աղբահան մեքենա ձեռք բերել ու սկսել աղբի տեսակավորման գործընթացն Ախալքալաք քաղաքում։ Սակայն ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ գյուղերում պահանջը մեծ է եղել աղբամաններ տեղադրելու, այդ պատճառով որոշում է կայացվել աղբամաններ գնել։
«Երկրորդ էտապով նախատեսել էին սկսել աղբը տեսակավորել, բայց նորից աղբամաններ գնեցինք։ Որոշեցինք բոլոր գյուղերն աղբամաններով ապահովել, հետո նոր մտածել աղբի տեսակավորման մասին։ Մյուս տարվա մեջ երևի սկսենք տեսակավորումը, բայց միայն քաղաքում։ Իրատեսական եմ համարում սկսել տեսակավորումը, բայց սկզբնական շրջանում փորձենք ընդհանուր աղբից առանձնացնել, ասենք օրինակ՝ ապակին, որպեսզի մեզ համար շատ դժվար չլինի», – հավելեց Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամփուխչյանը։
Այս թեմայով կարդացեք նաև՝