Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում մայիսի 21-ին անցկացվեց ինտելեկտուլ խաղ մրցույթ, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթը անցկացվեց Վրաստանի հայ Օգնության Միության վարչության նախաձեռնությամբ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի հայկական երիտասարդական կենտրոնների սաների միջև: Այն կրում էր՝ «Պիտի կերտենք նոր Արշալույս» խորագիրը: Յուրաքանչյուր թիմում հանդես էին գալիս 10 մասնակիցներ: Ախալքալաքի թիմը հանդես եկավ «Հայք» անվանումով, Նինոծմինդան՝ «Գուգարք», իսկ Ախալցիխեի թիմը կրում էր՝ «Կարին» անվանումը:

xax

Խաղի թեման էր Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությունը, և Վահան Տերյանը որպես ցեղասպանության վավերագիր:

«Ինչի ենք կապում այս երկուսն իրար հետ, որովհետև որբերի հուշերի ամբողջ նկարագրությունը հիմնված է Վանից ու Վասպուրականից եկած որբերի գրած շարադրությունների հիման վրա: Մեր նպատակն է ոչ միայն կենտրոնների սաների միջև կազմակերպել նման միջոցառաում, այլև դպրոցներում: Առանց նոր արշալույսի ինչպես պիտի կերտենք նոր արշալույս, իսկ ապագան կերտողները, նոր արշալույս բացողները մեր մատաղ սերունդն է: Իսկ եթե մատաղ սերունդը ծանոթ չէ մեր անցյալին, հերոսական անցյալին, լավ չէ»,- ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

38 հարց, յուրաքանչյուրի համար մեկական րոպե, թիմի ավագը որոշում է, ով է պատասխանելու, հնչում է պատասխան և ժյուրիի գնահատականը: Ահա այսպիսին են «Պիտի կերտենք նոր Արշալույս» ինտելեկտուլ խաղ-մրցույթի կանոնները:

xax1

Մինչ խաղի սկսվելը բացման խոսքով հանդես եկավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

«Շնորհավորում եմ բոլորիդ ինտելեկտուալ խաղին մասնակցելու առիթով: Վստահ եմ, որ բոլոր թիմերը ցանկանում են զգալ հաղթանակի բերկրանքը: Եվ վստահ եմ նաև, որ ամենակարևոր հաղթանակը մենք արդեն արձանագրեցինք, այս խաղի կայացմամբ, չնայած առկա բազում խոչընդոտների», – ողջյունի խոսքով ներկաներին դիմեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Ժյուրին կազմված էր չորս հոգուց, ովքեր գնահատում էին 10 բալային համակարգով:

Խաղն սկսված է: Երկու փոքրիկներ՝ Ռուբենն ու Արուսյակը վիճակահանությամբ որոշում են, թե ինչ հերթականությամբ են թիմերը պատասխանելու հարցերին: Հերթականությունն այսպիսին էր՝ «Կարին», «Գուգարք» և «Հայք»:

xax2

Առաջին 10 հարցերից հետո բարձր միավորներով առաջին տեղում էր «Հայք» թիմը: Մրցույթն անցնում էր թեժ պայքարում:
Խաղի ելքը որոշվեց հենց առաջին 10 հարցերից հետո: Արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի «Հայք» թիմը, երկրորդ տեղում հայտնվեց Նինոծմինդայի երիտասարդականի «Գուգարք» թիմը, իսկ երրորդում՝ Ախալցիխեի «Կարին»-ը:

«Հաղթանակը հեշտ չտրվեց, և դա նորմալ է, քանի որ ցանկացած հաղթանակի հասնելու համար պայքարել ու հասնել է պետք: Մոտ մեկ ամիս պատրաստվել էինք խաղին: Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ խաղին»,- իրենց տպավորություններով կիսվեցին հաղթող «Հայք» թիմի մասնակիցները:

xax3

«Նապոլեոնն իր առաջին լուրջ պարտությունից հետո հայտարարեց, որ ինքը պարտվեց ճակատամարտում, բայց սովորեց, թե ինչպես է հաղթելու պատերազմը: Դուք այսօր երկրորդ և երրորդ տեղերն եք գրավել, սակայն դուք գիտեք հաջորդ խաղին ինչպես եք հաղթելու: Ճիշտ է մենք ենթարկվել ենք ցեղասպանության, բայց դրանից հետո դարձել ենք ազգ, եթե մինչև 1915 թվականը կար հայկական գավառներ, որոնք չէին համագործակցում իրար հետ, բայց մենք դրանից հետո ունեցանք լուրջ մի նախաձեռնություն և հասկացանք թե ինչն է մեզ պակասում»,- ասաց ժյուրիի պատվավոր անդամ Գևորգ Էմին Տերյանը:

xax5

Չնայած նրան, որ Ջավախքի դպրոցներում չեն անցնում Հայոց պատմություն առարկան, սակայն երեխաները հիանալի էին պատրաստվել ինտելեկտուալ խաղին, նրանց տրվել էր ընդամենը մեկ ամիս ժամանակ խաղին նախապատրաստվելու համար:

Խաղի վերջում բոլոր մասնակիցներին շնորհվեց պատվոգրեր մասնակցության համար, ինչպես նաև դիպլոմներ և հուշանվերներ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:

xax4

Աղունիկ Այվազյան