2022 թվականի առաջին 3 ամիսներին «խելացի տեսախցիկները» Սամցխե-Ջավախքում արձանագրել են 14 441 խախտում, որից միայն 2-ն է գրանցվել Ախալքալաքում։ Այս տվյալները ներկայացվում են համաձայն՝ ՆԳՆ տեսախախտումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության:
Ախալքալաքի տեսախցիկները 2021 թվականի դեկտեմբերից սկսել են արձանագրել խախտումները: Դրանից հետո վարորդների շրջանում խուճապ էր սկսվել, նրանք շտապում էին տեխզննում անցնել, Ախալքալաքի տեսչական կենտրոնում անվերջ հերթեր էին գոյանում։ Բայց շուտով տուգանքների մասին խոսակցությունները դադարեցին։ Դրանք կրկին վերսկսվեցին 2022 թվականի ապրիլին։ Դրանից հետո Jnews-ը որոշեց ճշտել, թե ի՞նչ հիմքով, և ի՞նչ խախտումներ են գրանցում խելացի տեսախցիկները։
Սկզբունքի, ժամկետի ու խախտումների մասին՝ ՆԳՆ-ից պատասխան չեղավ, բայց Jnews-ը հետաքրքիր վիճակագրություն ստացավ։ Այս վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-մարտին Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր մունիցիպալիտետում, բացառությամբ Ախալքալաքի, գրանցվել է 1700-ից 8 300 տեսախախտում։ Այստեղ տեխզննում չանցնելու համար տուգանվել է ընդամենը 2 հոգի (Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով), իսկ խախտողներից մեկն արտոնյալ ժամանակահատվածում (10 օրվա ընթացքում) վճարել է տուգանքը և ստացել 20 տոկոս զեղչ, այսինքն՝ 50 լարիի փոխարեն վճարել է 40։
Նինոծմինդայում տուգանվել է 1 715 մարդ, այդ թվում՝ 23 իրավաբանական և 1 692 ֆիզիկական անձ։ Նրանցից 324-ը տուգանքը վճարել են առաջին 10 օրվա ընթացքում և օգտվել 20% զեղչից։ Ախալցիխեում տուգանվել է 8 215, Բորժոմիում՝ 2 726, Ասպինձայում՝ 1 783 մարդ։
Ախալքալաքում և Նինոծմինդայում տեսախցիկները որպես խախտում արձանագրել են միայն տեխզննում չանցնելը։ Սակայն, բացի տեխզննումից, այլ մունիցիպալիտետներում արձանագրվել են այլ խախտումներ։ Ասպինձայում օրինախախտների գերակշիռ մասը՝ 1464 մարդ, տուգանվել է արագության գերազանցման համար, որից 3 հոգին կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում։ Ախալցիխեում արագությունը գերազանցելու համար տուգանվել է 5380 մարդ, որից 3-ը ուղևորափոխադրումներ իրականցնողներ են: Բորժոմիում, բացի տեխզննում չանցնելուց, արագության գերազանցումից արձանագրվում են նաև այնպիսի խախտումներ, ինչպիսիք են «կանգառն արգելվում է» և «կայանելն արգելվում է» արգելող նշանների անտեսումը։