Նինոծմինդա-Հայաստան սահման տանող ավտոճանապարհի 15 կմ-ոց հատվածը իսկական մարտահրավեր է վարորդների համար: Այս հատվածով երթևեկելիս յուրաքանչյուր վարորդի անհանգստացնում է միայն մեկ հարց. «Ե՞րբ են կառուցելու այս ճանապարհը», սակայն, նրանք ստիպված կլինեն իրենց համար կրկնել այս հարցը առնվազն 6 ամիս:
Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով անցնելուց հետո նրանք ստիպված են մեքենան վերանորոգել:
Այս հատվածի վերանորոգումն արդեն երկար տարիներ քննարկման թեմա է հանդիսանում ինչպես Վրաստանի և Հայաստանի բնակիչների, այնպես էլ այդ երկրների պաշտոնյաների միջև: Բազում նախընտրական և պարզապես խոստումների արդյունքում, վերջապես, Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների բաժանմունքը հայտարարել էր տենդեր՝ 2018 թվականին Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի կապիտալ վերանորոգման համար: Մրցույթին մասնակցել էր երկու ընկերություն, հաղթել էր «Սաքմիլսադենշենի» ընկերությունը՝ 13,808,673 լարիի գումարով: Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի հուլիսի 6-ին: Աշխատանքներն սկսվել էր նույն թվականի ամռանը, սակայն դա միայն բարդացրել է ճանապարհի վիճակը, քանի որ հիմնականում կատարվել է հին ճանապարհի ապամոնտաժում:
«Սաքմիլսադենշենի» ընկերությունը ներկայումս աշխատանքներ չի իրականացնում եղանակային պայմանների պատճառով: Ըստ ընկերության ներկայացուցիչ Թեմուր Լոմսաձեի, վերանորոգման աշխատանքները կվերսկսվեն մեկ ամիս հետո, երբ եղանակը նորմալանա: Ասֆալտապատումը վերջնականապես կավարտվի ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը, ըստ տենդերի պայմանների՝ մինչև 2019 թ. նոյեմբերի 6-ն է:
Մենք փորձեցինք ճշտել Ճանապարհային դեպարտամենտից, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են ձեռնարկել ցանկացած որևէ ժամանակավոր միջոց՝ բարեկարգման առումով, մինչև ճանապարհի վերականգնումն ավարտվի, բայց դեռևս մեր հարցերին չեն պատասխանել:
Բրատիսլավ Իգիթխանյան