Վերջին տարիներին Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության ոլորտում դրական տեղաշարժ կա։ Ավելացել են աղբամանների քանակը, գրեթե բոլոր գյուղերում աղբամաններ են տեղադրվել, մեծացել է թե ՏԻՄ մարմինների, և թե հանրային ուշադրությունն այս ոլորտի հանդեպ։ Սակայն աղբի և աղբահանության հետ կապված խնդիրները, դեռևս արդիական են մնում։ Հիմնական խնդիրը մարդկանց ցածր տեղեկացվածությունն է աղբը աղբամանի մեջ թափելու, տեսակավորման և վերամշակման վերաբերյալ, ինչպես նաև ընդհանուր էկոմտածողության բացակայությունը։

Թվարկված խնդիրները փորձում են լուծել տեղական իշխանության ներկայացուցիչները, առանձին անհատներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, սակայն դեռևս դա նրանց չի հաջողվում։

Ախալքալաքի քաղաքապետարանն անցած տարի նոր ռազմավարություն է մշակել և անցել հնգամյա պլանի իրագործմանը, որի հիմնական նպատակն է՝ տեսակավորել և վերամշակել աղբը, ավելացնելով աղբամանների քանակն ու ավելացնել աղբահանության ինտենսիվությունը:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տվյալներով, իրենք Ախալքալաքի մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերից կանոնավոր աղբահանություն են իրականացնում։ Քաղաքի փողոցներում և մունիցիպալիտետի կենտրոնական ճանապարհներին տեղադրված աղբարկղներից աղբահանումը կատարվում է ամեն օր, իսկ գյուղերում՝ շաբաթական երեք օր: Իսկ ծայրամասային և վատ ճանապարհներ ունեցող գյուղերում աղբամաններ չկա, սակայն գյուղերի սկզբնամասերում 5,5 խորանարդ/մետր տարողությամբ կոնտեյներ են տեղադրված, քանի որ աղբահան հատուկ մեքենան չի կարող տվյալ գյուղ մտնել։ Այդ գյուղերում բնակիչներն իրենց ուժերով են աղբահանություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով: Տարիներով ձևավորված ավադույթի համաձայն՝ մարդիկ աղբը թափում են գյուղից հեռու՝ սարերի լանջերին, ձորերում ու գետերում։

Քաղաքում և գյուղերում, որտեղ սպասարկում է Սպասարկման կենտրոնը, բնակիչները վճարում են աղբահանության համար, սակայն ծախսվող միջոցների համեմատ, բնակիչներից գանձվող գումարը սիմվոլիկ է: Յուրաքանչյուր մարդ աղբահանության համար վճարում է 50 թեթրի, իսկ, եթե ընտանիքի անդամները 4-ից ավելի են, ապա այդ գումարը գանձվում է միայն 4-ից: Իսկ իրավաբանական անձիք 1մ³ կենցաղային աղբի դիմաց վճարում են 25 լարի:

Այսօրվա դրությամբ՝ Սպասարկման կենտրոնն ունի 5 աղբատար մեքենա, որից մեկը նոր է ձեռք բերել։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, մունիցիպալիտետը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, ըստ որի՝ կենտրոնը շուրջ 117 նոր մետաղյա աղբաման կունենա, որոնք ըստ անհրաժեշտության կտեղադրվեն այն գյուղերում, որտեղ կամ քանակն է քիչ, կամ ընդհանրապես տեղադրված չէ։ Նոր մետաղյա աղբամանների ձեռքբերման համար մունիցիպալիտետը 195 000 լարի է ծախսել։

Ախալքալաքում «Թափոնների կառավարման» հնգամյա պլանի համաձայն՝ 2023 թվականից մունիցիպալիտետում պետք է, որ սկսեին աղբը տեսակավորել և ուղարկել վերամշակման, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով, քաղաքապետարանը նախատեսվածից կարողացել է միայն աղբամանների քանակն ավելացնել։

«Աղբարկղ ունեինք գրած առաջին տարվա համար 125 հատ, մոտավոր 120-ի չափ էլ այս տարի կլինի։ Ուզում ենք տեսակավորել աղբը, բայց մի քիչ պրոբլեմային է, չգիտեմ ինչքանով կհասցնենք հատուկ աղբարկղեր ձեռք բերել, բայց մյուս տարվա սկիզբ հաստատ կսկսենք տեսակավորումը։ Հատուկ մեքենայի խնդիր ունենք, ինչպես նաև այդ աղբը հանձնելու տեղ, կամ պայմանագրով պետք է մարդ գտնենք, որ գան իրենք հավաքեն տանեն, սա առանցքային խնդիր է։ Հույս կա, որ մյուս տարվանից կսկսենք տեսակավորումը», – ասում է Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։

Բուղաշենը փոքր գյուղ է Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Այստեղ 120 ընտանիք է ապրում։ Գյուղի միջով անցնող գետը մինչև անցնող աշուն  աղտոտված էր։ Բանը նրանում էր, որ մինչ այդ գյուղում աղբաման չկար տեղադրված, հետևաբար շատերն աղբը թափում էին գետը (ոչ միայն Բուղաշենի, այլև վերևի գյուղերի բնակիչները)։ Այսօր գյուղամիջյան կենտրոնական ճանապարհին 6 աղբարկղ է տեղադրված։

«Գետը վերջին անգամ աշնանն են մաքրել։ Մենք զիբիլ չենք լցրել, մեր ջուրը վերևից է գալիս, ինչ ասես ջուրն իր հետ բերում-լցնում էր», – Jnews-ի հետ զրույցում ասաց Բուղաշեն գյուղի բնակչուհի  Արփենիկ Բարբարյանը։

get axb

 

Ներկայումս այս գյուղում գոհ են աղբահանությունից, ասում են՝ ամենաուշը երեք-չորս օրը մեկ աղբահան մեքենան Բուղաշեն է մտնում։ Խոստովանում են, որ մինչև գետի հունը խորունկ մաքրելը, ձնհալի ջրի հետ ամեն տեսակի աղբ էր գալիս, ինչպես նաև իրենք էին աղբը գետում թափում։

«Առաջ ոչ թե շատ աղտոտ էր, այլև գարշահոտ էր գալիս այս մարգագետնից, տեսեք բնության գրկում ենք ու ոչ մի տհաճ հոտ չենք զգում, նախ հիմա աղբը չենք տանում ջրին տալիս, հետո էլ աղբաման չունեինք ստիպված գետն էինք լցնում, կեսը ջուրն իր հետ տանում էր, կեսը մնում էր երեսին և արևին հոտում էր, բայց հիմա աղբամաններ ունենք և, շատ մաքուր է գյուղը», – նշում է Արփենիկը։

Որպեսզի ընթերցողը լիարժեք պատկերացում կազմի նախկինում Բուղաշեն գյուղում տիրող իրավիճակին, ապա կարող եք անցնել ստորև ներկայացված հղումներով․

Բեժանո գյուղն անցորդներին դիմավորում է աղբակույտերով։ Գյուղի սկզբնամասում գոյացած աղբավայրը չնայած ժամանակ առ ժամանակ մաքրվում է, սակայն չի վերանում։ Ստեղծված իրավիճակի պատճառները տարբեր են, որոնք հնարավոր է վերացնել համատեղ՝ Սպասարկման կենտրոն-բնակիչ համագործակցության արդյունքում։

Բեժանոյում վստահեցնում են,  գյուղի սկզբնամասում գտնվող արհեստական աղբավայրում միայն իրենց գյուղացիները չէ, որ աղբ են թափում, այլև Բեժանոյից վերև գտնվող գյուղերի։

Աղբի մասին Jnews-ի հարցուփորձը հետաքրքիր երկխոսությամբ սկսվեց։ Բեժանոյի բնակիչը վստահ էր, որ եթե այդ թեմայի շուրջ խոսեն, ապա անպայման վիճելու են։

«Ուրեմն մենք իրար հետ հենց սկզբից պետք է կռվենք, ինչու՞, որովհետև ես միշտ ասում եմ՝ ամանները դրված է, ավելորդ կարտոֆիլ է, գազար է փչացած, լցրեք ձեր դաշտերը, ինչի՞ եք տանում աղբամանների մեջ լցնում։ Աղբամանը լցվում է մարդիկ սկսում են աղբամանների կողքերը շարել պարկերը ու այդպես հավաքվում է։ Մենք՝ բնակիչներս ենք լցնում աղբը, բայց իրենք որ գոնե մի քիչ շուտ-շուտ գան այսպես չի լինի», – ասաց Բեժանո գյուղի բնակիչ Մամբրե Դեմուրճյանը։

Բեժանոցիները հասկանում են, որ այդտեղ թափելով աղբը կեղտոտում են բնությունը, սակայն ասում են, որ ուրիշ ելք չունեն, քանի որ աղբը թափելու այլ վայր չունեն։ Ամբողջ գյուղը երկու աղբամանի հույսին է։
4
Չնայած Բեժանոյում աղբի և աղբահանության վիճակը մեղմ ասած տխուր  է,  սակայն որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ այսպես ասած տեսակավորում են աղբը։

«Կուզես հավատա, կուզես մի հավատ, ես որպես այս գյուղի բնակիչ, մեկ տարի  է աղբ չեմ թափում, ապակին առանձնացնում եմ, տեսեք դուռը պարկերով շշեր են, մնացածը հավաքում վառում եմ, նույնիսկ խոտն են տանում ու աղբամանի մեջ լցնում, ժողովուրդը մի քիչ այն չէ, ինչքան ուզում ես ասա, խորհուրդ տուր, միևնույն է՝ նույն բանն են անում», – ասաց Մամբրե Դեմուրճյանը։

Բեժանոյի անօրինական աղբավայրը, որը բնակիչներն իրենք են հիմնել, նույնիսկ չեն էլ հիշում, թե երբվանից կա։ Գյուղի սկզբնամասում և գյուղ չմտած, իրարից մոտավոր 1կմ հեռավորության վրա գտնվող աղբավայրում միայն Բեժանոյի բնակիչները չեն լցնում աղբ։ Ինչպես գյուղացիներն են ասում՝ այս երևույթը տարիներով ձևավորված «մշակույթ» է։ Ախալքալաք գնալու ճանապարհին աղբը պարկերով բերում և լցնում են այստեղ։ Լինում են դեպքեր, որ հարևան գյուղերից գիշերով են լցնում աղբը, որպեսզի մարդիկ չտեսնեն։

«Մեր թվարկությունից առաջ կա այդ աղբավայրը։  Խնդրում ենք, որ աղբամանների քանակն ավելացնեն։ Ժողովուրդը ամոթից ձայն չի հանում, բոլորը մտածում են վատամարդ դուրս չգալու մասին։ Մի ամբողջ գյուղի համար ընդամնեը երկու աղբաման է տեղադրված։ Ճիշտ է, ես չեմ ասում, որ բնակիչներն իդեալական են, բայց, եթե աղբարկղների քանակը շատ լինի, ճանապարհին աղբակույտեր չեն լինի»,– ասաց Բեժանո գյուղի բնակիչ Սևակը։

axb

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Jnews-ին ասաց․

«Նոր աղբամանները հենց ստանանք, այդ ժամանակ կգնանք գյուղ, տեղում հաշվարկ կանենք, թե քանի աղբամանի կարիք կա և կավելացնենք, գյուղացիների հետ կորոշենք քանակը։ Վերջերս ավարտեցին Բեժանոյի ճանապարհի ասֆալտապատումը, գիտեք, այն գյուղերում է տեղադրվում աղբաման, որտեղ ասֆալտ կա։ Հասկանում ենք, որ բավակաին մեծ գյուղ է և երկու աղբամանը հարցի լուծում չէ»։

Jnews-ը տարիներ շարունակ, բազմիցս բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել Ախալքալաքի շրջանի հեռավոր Բեժանո գյուղի աղբահանության խնդրի մասին։

Ստորև կարող եք ծանոթանալ մեր նյութերին՝

Բոլորովին վերջերս փակվեց Խանդո գյուղի աղբավայրը, որը գյուղացիներն իրենց իսկ նախաձեռնությամբ ու միջոցներով էին հիմնել։ Գյուղ չմտած, կենտրոնական ճանապարհի աջ հատվածում բավականին մեծ տարածության վրա փոս էին փորել, որտեղ էլ լցնում էին աղբը՝ թե կենցաղային, թե շինարարական։

Այսօրվա դրությամբ՝ Խանդո գյուղում 22 աղբարկղ է տեղադրված, յուրաքանչյուրը 1,1մ³ տարողությամբ, իսկ արդեն աղբավայրի մոտ, գյուղի մուտքին 1 կոնտեյներ՝ 5,5մ³ տարողությամբ։ Իսկ անցած տարի՝ 2023 թվականին 10 աղբարկղ էր տեղադրված։

«Փողոցների կեսը, ծայրամասերում չկան աղբամաններ, միայն գյուղամիջյան գլխավոր ճանապարհներին են տեղադրված, ծայրամասային թաղերում չկան, ինչով են մեղավոր ծայրամասում ապրող մարդիկ։ Աղբահանությունից գոհ ենք, գրաֆիկով մաքում են, շաբաթը երկու անգամ գալիս են։ Գրեք, եթե հնարավոր է որ աղբամանների քանակն ավելացնեն», – ասաց Խանդո գյուղի բնակիչ Ա․ Թորոսյանը։

Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, Խանդոյում աղբամանների քանակը կավելացնեն, բայց շատ չեն կարող, քանի որ քաղաքապետարանի միջոցները սահմանափակ են և չեն կարող մի գյուղում 30 աղբաման տեղադրել, իսկ մյուսում՝ 3։

Կարդացեք նաև՝

Անխոս, մեր քաղաքը, գյուղն ու շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն Ախալքալաքի քաղաքապետարանի գործառույթը չէ, այլև յուրաքանչյուրս պետք է մեր մասնակցությունն ունենանք մեզ շրջապատող միջավայրի մաքրության գործում։ Չգիտես ինչու մեր տներում կատարյալ մաքրություն է տիրում, իսկ երբ դուրս ես գալիս փողոց՝ ամենուրեք միայն աղբ ես տեսնում։ Մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի, այն պահից երբ մեզանից յուրաքանչյուրն սկսի նույն խնամքով ու սրտացավությամբ վերաբերվել իր քաղաքին ու գյուղին, ապա կունենանք ոչ միայն մաքուր տուն, այլև գյուղ ու քաղաք։