Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստացել է 117 մետաղական աղբաման և դրանք բաժանում է գյուղերին։ Աղբամանները բաժանելուց հետո սպասարկման կենտրոնը կսկսի աղբահանության վճար հավաքել այն գյուղերից, որոնք ամբողջությամբ ապահովված կլինեն աղբամաններով։
Աղբամանները ձեռք են բերվել տեղական բյուջեի միջոցներով: Դրա համար հատկացվել է 198666 լարի։ Աղբարկղերի մեծ մասն արդեն բաժանվել է գյուղերին։ Դրանք ավելացվում են այն գյուղերում, որտեղ ամենից շատ է պակասը զգացվում, տեղադրվում են նաև այն գյուղերում, որտեղ ընդհանրապես չկար։
Ներկայացնում ենք այն գյուղերի ցանկը, որտեղ տեղադրվել և ավելացվել են աղբամաններ.
Բեժանո՝ 12 աղբարկղ, Կոթելիա՝ 3, Տուրցխ՝ 6, Էխտիլա՝ 8, Մերենիա՝ 6, Խանդո՝ 3, Կումուրդո՝ 3, Աբուլ՝ 7, Բարալեթ՝ 5, Լոմատուրցխ՝ 3, Կորխ՝ 1, Թոթխամ՝ 1, Բալխո՝ 3, Բուղաշեն՝ 4, Ալաթուման՝ 3, Օրջա՝ 6, Հոկամ՝ 3, Դիլիսկա՝ 8, Չունչխա՝ 4, Պտենա՝ 4, Սուլդա՝ 1, Ափնիա՝ 2, Ղադոլար՝ 7:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, որոշ գյուղերում աղբամանների տեղադրումից հետո կսկսեն աղբահանության համար վճար հավաքել։ Ներկայումս աղբի վճարը գանձվում է 18 գյուղից և քաղաքից։
Աղբահանության վճար կսկսեն հավաքել Բեժանո, Էխտիլա, Մերենիա, Լոմատուրցխ, Ղադոլար, Կումուրդո, Օրջա, Բուղաշեն և այլ գյուղերից։
«Զակ գյուղում կավելացնենք աղբարկղեր և կսկսենք հավաքել աղբավճար: Մոտ 15 գյուղ կավելացվեն այն ցուցակին, որոնց բնակիչները վճարում են աղբահանության համար: Հստակ դեռ չգիտեմ, ամեն ինչ կերեւա բոլոր աղբարկղերի վերջնական տեղադրումից հետո»,- ասում է Մխիթար Ռստակյանը։
Այս փուլում Սպասարկման կենտրոնն աղբահանության համար վճար հավաքում է 18 գյուղում և Ախալքալաքում։ Ֆիզիկական անձանց համար, մեկ անձի համար սակագինը 50 թեթրի է, եթե ընտանիքը չորս հոգուց ավելի է, ապա վճարը 2 լարի է, իսկ իրավաբանական անձինք 1 խ/մ աղբի համար վճարում են 25 լարի։ Բաժանորդային վճարը ֆիզիկական անձանցից գանձում են 18 հսկիչ, որոնք ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։
Ըստ Ռստակյանի, գյուղերից աղբը հանվում է ժամանակացույցով՝ երկու օրը մեկ։