Խանդո գյուղի աղբավայրը, որը հենց գյուղի բնակիչներն են հիմնել 2000-ականների սկզբին, Ախալքալաքի քաղաքապետի որոշմամբ՝ փակվում է։ Արհեստական ջրամբարի կառուցմանը զուգահեռ աղբավայրի փակման աշխատանքներ են ընթանում, որի համար մունիցիպալիտետը գումար չի ծախսում։
Խանդո գյուղի բնակիչներն ուրախ են, որ աղբավայրը փակվում է։ Գյուղացիները նշում են ոչ միայն այդտեղից տարածվող գարշահոտության ու թունավոր նյութերի մասին, այլև այն որ աղբավայրը գտնվում է ճանապարհաեզրին և գյուղ այցելողներին առաջինը աղբավայրն է դիմավորում։
«Աղբավայրը մենք ենք հիմնել, ամեն ինչ այնտեղ ենք թափում, շատ ուրախ ենք, որ փակում են, բայց միևնույն ժամանակ էլ մտածում ենք, հաջորդ տարի ինչ ենք անելու, ու՞ր ենք թափելու անպիտան, չվաճառված կարտոֆլը», – ասաղ Խանդոյի բնակիչներից մեկը։
Խանդո գյուղի արհեստական ձևավորված աղբավայրը բնակիչներն իրենք են «հիմնել», որովհետև նախկինում գյուղերում աղբահանություն առհասարակ չէր իրականացվում, և մարդիկ ստիպված էին ինքնուրույն որոշում կայացնել։
Հիմա արդեն գյուղի սկզբնամասում և հենց գյուղում աղբամաններ են տեղադրված, ճիշտ է՝ քանակը բավարար չէ, սակայն գյուղում սանիտարահիգիենիկ վիճակը կտրուկ փոխվել է։
Եթե օրինակ 2023 թվականին Խանդո գյուղում տեղադրված էր 10 աղբարկղ, յուրաքանչյուրը 1,1մ³ տարողությամբ և աղբավայրի մոտ 1 կոնտեյներ՝ 5,5մ³ տարողությամբ, ապա այս տարի աղբամանների քանակը 17-ի է հասել։
Խանդոյում ասում են, որ աղբամանների քանակը ցանկալի է, որ ավելացնեն։ Ուրախ են, որ աղբավայրը փակվում է, սակայն մտածում են՝ հաջորդ տարի ուր են թափելու չվաճառված կարտոֆիլը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, իր անմիջական կարգադրությամբ Խանդոյի աղբավայրը փակում է։
«Ջրամաբարը կառուցող ընկերությանը խնդրել եմ, որ զուգահեռ փակեն նաև աղբավայրը։ Մունիցիպալիտետը դրա համար գումար չի ծախսի։ Աղբավայրը փակելու որոշումն իմն է եղել, որը հետ համաձայն են նաև գյուղացիները», – ասաց քաղաքապետը։
Կարդացեք նաև՝