Տրկնա գյուղի ջրամատակարարման խնդիրը դեռևս լուծված չէ և հեռանկարներ դրա լուծման հետ կապաված դեռ չկան:
Տրկնա գյուղում ապրում է ընդամենը 20 ընտանիք, գյուղը դատարկվում է տարրական պայմանների բացակայության պատճառով: Տրկնայում յուրաքանչյուր տուն ունի իր սեփական ջրհորը, իսկ եթե չունի, մարդիկ օգտվում են հարևանի ջրհորից: Ջուրը մղվում է պոմպերով: Տարեկան վառվում է և ենթակա է փոփոխման 3-4 պոմպ, որը կազմում է մոտ 400 լարի: Այս պահին ապրող սերունդը ծնվել է այս խնդրով և դեռ չեն տեսել դրա լուծումը:
Jnews-ը վերջին անգամ բարձրացրել էր այս հարցը ավելի քան վեց ամիս առաջ: Այդժամ գյուղացիները մեզ բացատրեցին, որ գյուղի ջրամատակարարումը կախված է Գոման գյուղի ջրավազանից։ Այդ ժամանակ ջրավազանը պատրաստ էր, բայց չէր օգտագործվում՝ ծածկույթի վերանորոգման անհրաժեշտության պատճառով։
Այս անգամ Գոմանի տարածքային միավորից, որն ընդգրկում է Տրկնա գյուղը, պատգամավոր Համլետ Մովսիսյանը՝ Jnews-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն իրենցից չէ կախված, այլ բնական պայմաններից։
«Գոմանի ջրավազանը պատրաստ է, բայց միացված չէ, իմաստ չունի միացնել, քանի որ ջուր չկա: Ջուրը Օլավերդից է գալիս, այն չի հերիքում: Մենք ոչինչ չենք կարող անել, բնության հետ կապված խնդիր է, ջուր չկա ու վերջ»,- մեկնաբանեց նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Տրկնա գյուղի ջրամատակարարման համար տրամադրվել էր ավելի քան 73 հազար լարի, սակայն ջրամատակարարման նախագիծը չէր իրականացվել։ 2019 և 2020 թվականներին ՕԳԾ միջոցներից 16000 լարիի և բյուջեի միջոցներից 40 000 լարիի դիմաց կառուցվել է ջրավազան, որտեղ պետք է ջուր լցվեր այլ ջրավազանից (Գոման գյուղի), սակայն այս ջրավազանում ևս ջուր չկա:
Տրկնայում իրավիճակը տագնապալի է՝ գյուղն «անհետացողների» շարքին է պատկանում, բնակիչներն արտագաղթում են Ռուսաստան, գյուղում երիտասարդներ գրեթե չկան, գյուղն անգամ ուսանող չունի։ Երեխաները դպրոց են հաճախում Զակ, իսկ մանկապարտեզ՝ Բարալեթ գյուղում։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Այստեղ դեռ օգտվում են ջրհորներից
Տրկնան ջրով ապահովելու իշխանության փորձերը կրկին ձախողվեցին
Տրկնայում խմելու ջուր ունենալու հույսով են «զովանում»