Ախալքալաքում այս տարի ոչ միայն կարտոֆիլի բերքն է քիչ, այլ նաև մյուս բանջարեղենների՝ գազար, բազուկ։ Մունիցիպալիտետի Բեժանո գյուղում այս տարի բողոքում են ինչպես գազարի բերքատվությունից, այնպես էլ արժեքից։

Բեժանոյում հիմնականում մշակում են գազար և բազուկ, նաև կարտոֆիլ, բայց քիչ քանակությամբ: Այս տարի գազարի բերքատվությունը նվազել է, դրան գումարվել է ցածր արժեքը։ Եթե անցած տարի 1 կգ գազարը արժեր 1 լարի և ավելին, ապա այս տարի 1կգ-ի գինը տատանվում է 0․70-0․80 լարիի սահմաններում:

bejanoyi gazary

«Ես այս տարի ցանել էի 40 ար գազար, շատ նոսր էր ու ավելի քիչ բերք տվեց։ Եղանակային պայմանները շատ վատ էին, շոգ էր։ Նոր ծլած ժամանակ էլ ցուրտ էր, ցրտահարվեց: Մինչև հուլիս ամիս շատ անձրև եկավ ու խեղդեց», – ասում է գազարի մշակությամբ զբաղվող Ավետիսյան Սասունը։

Սասունը գազարի սերմը՝ կամ Ռուսաստանից է բերել տալիս, կամ քաղաքից է գնում՝ հոլանդականը։

Բեժանոյում հիմնականում գազարի գնորդները Բաթումիից և Քութաիսիից են: Այս տարի դեռ շատ չեն տանում գյուղից վաճառելու, ավելի շատ տեղում են իրացնում։

Գյուղացիներն ասում են սերմի, պարարտանյութի, դաշտը վարելու ծախսերը չի փակում: Արդեն 4-րդ տարին է ստացած բերքից եկամուտ չեն ստանում: Ինչպես իրենք են ասում՝ ցանում են թողնելով Աստծո հույսին:

Ավետիսյանների ընտանիքն իրենց դաշտերում իրենք են աշխատում, ցանում ու բերքը հավաքում սեփական ուժերով, ասում են, որ չեն կարող աշխատող վարձել:

Բեժանոյում գազարի մշակմամբ զբաղվողները ցածր բերքատվության հիմնական պատճառ նշում են՝ ցրտահարությունն ու դրան հաջորդած երաշտը:

«Ինչքան որ բերք ենք ստացել մեր ծախսը հազիվ է փակում, եկամուտ չենք ստացել։ Ես այս տարի չորս անգամ ջրել եմ դաշտը, անցած տարվա բերքի կեսը հազիվ եմ ստացել: Անցած տարի ցանել էի 40 ար գազար, այս տարի՝ 50 ար, անցած տարի 30 տոննա բերք էի ստացել, իսկ այս տարի ընդամենը 10 տոննա: Նախկինում 1 արից մինչև 700կգ գազար էինք հավաքում», – ասում է Բեժանոյի բնակիչ Դեմուրչյան Մամբրեն։

Մաթևոսը, ով նույնպես գազար է մշակում, գոհ է ստացած բերքից, այս տարի նա 30 տոննա գազար ունի վաճառելու: Լինում է, որ պահում է բերքը և վաճառում գարնան սկզբին:

«Աշխատում ենք, մշակում ենք, դրա համար էլ լավ բերք ենք ստանում։ Ինձ համար բերքը ամեն տարի էլ նույնն է։ Չորս ամիս ջրում եմ, թե քանի անգամ չեմ կարող ասել։ Եղել է, որ դույլերով եմ կրել ու ջրել։ Գոնե պետք է 1 լարի լինի գինը, որ կարողանանք փակել ծախսը», – նշում է Խաչատրյան Մաթևոսը։

ztel

Վերջինս հավելում է՝ գազար մշակելը շատ դժվար է, առավել ևս այն քանդելու ժամանակ։ Մեկ օրում ամենաշատը 2-3 ար են կարողանում քանդել, հավաքել ու դասավորել:

Մաթևոսը 8 ար էլ բազուկ է ցանել, 4 տոննա բերք է ստացել։ Ասում է՝ բազուկն էլ, գազարն էլ նույն գինն ունեն:

bazuk

Շրջանում գյուղատնտեսների գերակշիռ մասը բողոքում է բանջարեղենների ցածր բերքատվությունից: Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է՝ տարին անբարենպաստ էր։

«Ինչպես կարտոֆիլի, այնպես էլ մյուս բանջարեղենների համար ոչ բարենպաստ տարի էր։ Երբ ցանեցին կարտոֆիլը և եկավ զարգացման շրջանը, այդ ընթացքում ցուրտ էր, մինուս էր, իսկ հետո սկսվեցին շոգերը և երկար ժամանակ անձրև չարեց։ Եղան այնպիսի մարդիկ, ովքեր հասցրեցին վերլուծել ստեղծված իրավիճակը և ժամանակին ջրեցին դաշտերը, շատ քչերը ստացան լավ բերք: Կարտոֆիլի զարգացման շրջանում եղանակը բարենպաստ չէր», – եզրափակում է Մախարե Մացուկատովը։

muk