Ախալքալաքի մունիցիպալիտետում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը տարբեր նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է տեղեկատվական արշավ տարբեր թեմաների վերաբերյալ: Երեկ հանդիպումներն անցկացվեցին Կումուրդո (Գումբուրդո) և Բարալեթ գյուղերում:
Նոյեմբերի 6-ին, Գումբուրդո գյուղի հասարակական կենտրոնում գյուղացիները հանդիպել են Գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարության, Քաղաքացիական ռեեստրի և հողերի գրանցման գործակալությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի տեղեկատվական արշավի շրջանակներում: Հանդիպումը համակարգում էր Ախալքալաքում պետական նախարարի աշխատակազմի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Լալի Շելիան պատմեց գյուղատնտեսության ոլորտում կառավարության ծրագրերի մասին: Նա մանրամասն խոսեց այն նախագծերի մասին, որոնք ներկայումս իրականացնում է նախարարությունը, այն մասին, թե ով կարող է մասնակցել, ինչ է անհրաժեշտ դրա համար, ինչպես տեղեկանալ ծրագրերի մասին և ցույց տվեց http://arda.gov.ge/ կայքը:
Նա պատմեց «Օժանդակություն ֆերմերին» ծրագրի մասին, որը ֆինանսավորում է վերամշակող գործարանները ու պահեստները, «Ներդրիր ապագան» ծրագրի, «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսավորում», «Շահավետ Ագրո վարկ» և այլ ծրագրերի մասին:
Լալի Շելիան առաջարկեց հարցերի դեպքում դիմել մունիցիպալիտետներում գործող Գյուղատնտեսության նախարարության խորհրդա-տեղեկատվական կենտրոններ:
Նա նշեց, որ բոլոր գյուղատնտեսական ծրագրերում պարտադիր պայման է, որ հողամասը պետական ռեեստրում գրանցված լինի:
Ունկնդիրները ողջունեցին այս տեղեկատվությունը, բայց նրանք դժգոհություն ունեին, որ այս ամբողջ տեղեկատվությունը վրացերենով է, իսկ նրանք չեն հասկանում: Բնակիչներն առաջարկեցին այս տեղեկատվությունը կայքում տեղադրել ազգային փոքրամասնությունների համար հասկանալի լեզուներով: Բացի այդ, հավաքվածները նշեցին, որ բերքի իրացումը նրանց համար կարևոր խնդիր է և առաջարկեցին, որ պետությունը Ջավախքում բացի գյուղատնտեսական արտադրանքի ընդունման կետեր, որպեսզի ավելի հեշտ լինի գյուղացիների և ֆերմերների համար:
Քաղաքացիական ռեեստրի գործակալությունից Նինո Դանելիան բացատրեց, թե ինչ է պետք անել անձնական տվյալներում սխալների դեպքում:
Ըստ Նինո Դանելիայի, նմանատիպ սխալներով փաստաթղթերն այլևս չեն վերադարձնում, այլ իրենք են ուղղում, ծանոթանալով արխիվի փաստաթղթերին և տարբեր փաստաթղթերի տվյալները համեմատելով և նույնականացնելով դրանք: Նա նշեց, որ շատ հաճախ փաստաթղթերում սխալները լինում են անունների մեջ (դրանք հաճախ տեղի են ունենում թարգմանությունների ժամանակ) և ծննդյան ամսաթվերում:
Նինո Դանելիան նշեց, որ շատ քիչ դեպքերում են մարդկանց դատարան ուղարկում:
Ներկաներն առաջարկեցին հարմարավետության և ժամանակ խնայելու համար բացել մեկ պատուհանի սկզբունքը:
Գույքի դեպարտամենտից Մարիկա Սոխաշվիլին պատմեց «Արտադրիր Վրաստանում» ծրագրի և պետական գույքի սեփականաշնորհման մասին:
Նրա խոսքով, «Արտադրիր Վրաստանում» ծրագրի երկրորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 15-ին:
Մարիկա Սոխաշվիլին պարզաբանում է, որ պետական գույքը կամ հողը վաճառվում է աճուրդների միջոցով և նշեց, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Գույքի արժեքը որոշում է պետությունը, ավելի ճիշտ հանձնաժողովը, որը գնահատում է այդ գույքը կամ հողը:
Հողատարածքների գրանցման գործակալության տարածքային ծառայության ղեկավար Զվիադ Թալիկաձեն պատասխանեց ներկաների հարցերին կապված հողերի գրանցման հետ:
Գումբուրդո գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերը գրանցելու խնդիր կա, և գրեթե բոլորը նույն խնդիրն ունեն, չկա հողի հանձնման-ընդունման փաստաթուղթը (հողատարածքի անձնագիր):
Զվիադ Թալակաձեն ասաց, որ գույքի (տուն, կից շինություն) գրանցման հարցն արդեն լուծված է: Բոլոր մունիցիպալիտետներում ստեղծվել են հանձնաժողովներ, և նրանց օգնությամբ հնարավոր է հեշտությամբ գրանցել սեփական տները:
Գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման համար էլ խորհրդարանը շուտով հողատարածքների օրենսդրության մեջ կընդունի նոր փոխումներ և գրանցումն ավելի հեշտ կլինի փաստաթուղթ չունեցող գյուղացիների համար:
Գումբուրդո գյուղի բնակիչ Հայկազ Զաքարյանը դժգոհում էր, որ ինքը բոլոր փաստաթղթերն ունի, բայց նրա գույքը պետական ռեեստրում չեն գրանցում: Զվիադ Թալակաձեն խոստացավ ուսումնասիրել փաստաթղթերը և օգնել:
Նմանատիպ հանդիպում է տեղի ունեցել նաև Բարալեթ գյուղում: Մունիցիպալիտետում տեղեկատվական հանդիպումները կշարունակվեն այլ գյուղերում և այլ հարցերի շուրջ: