Ախալքալաքի շրջանի Տրկնա գյուղում մարդիկ արդեն երկար տարիներ է խմելու ջուր չունեն, ջրհորներից են օգտվում։ Տեղական ինքնակառավարությունը խոստացել է այս տարի խնդիրը լուծել, սակայն երբ, դեռ հայտնի չէ։

Jnews-ի խմբագրությունը տեսանյութ է ստացել, որում Տրկնա գյուղի բնակիչները ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են ջուր հայթհայթում:

Ինչպես նշել էր Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Սամվել Մուրադյանը jnews-ին տված հարցազրույցում, 73 000 լարի է հաշվառված Տրկնա խմելու ջուր հասցնելու համար, այն սակրեբուլոյի կողմից հաստատված է արդեն, սակայն տենդեր-մրցույթ դեռ չի հայտարաված։

Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից դեռ նոր են նախագիծը կազմում։ Ծրագիրը ուզում են իրականացնել այս տարի։

Մինչ քաղաքապետարանը նախագիծ կներկայացնի, Տրկնա գյուղի բնակիչները տանջանքով են ջուրը հանում ջրհորներից, որոնք էլ հիգենիայի նորմերին չեն համապատասխանում։ Նրանք հույսով սպասում են, որ մի օր իրենց գյուղն էլ ջուր կունենա և ընդմիշտ կփակեն ջրհորները։

Գայանե Ակոջյան