Տրկնա գյուղում ապրում է ընդամենը 20 ընտանիք, գյուղը դատարկվում է տարրական պայմանների բացակայության պատճառով։ Գյուղին ջուր մատակարարելու համար վերջին 5 տարիներին ջրավազան են կառուցել, ջրամատակարարման համակարգ են անցկացրել, բայց ջուր չկա, բնակիչները ջրհորի ջուր են օգտագործում։
Տրկնայում յուրաքանչյուր տուն ունի իր սեփական ջրհորը, իսկ եթե ոչ՝ ապա օգտվում են հարևանի ջրհորից: Ջրամղիչ պոմպերի օգնությամբ է ջուրը հասնում մարդկանց, տարեկան փչանում և փոփոխման ենթակա է դառնում 3-4 պոմպ, որի արժեքը տատանվում է 400 լարիի սահմաններում։ Գյուղում ապրողներն այստեղ ծնվելով մեխանիկորեն ժառանգել են ջրի խնդիրը, որի լուծումը դեռ չի երեւում։
«Մեր ջուրը ջրհորներից է գալիս: Ջուրը ոչ մի տեղից չի գալիս, Տրկնայի հիմնադրումից ի վեր այստեղ ջուրը ջրհորներից է եղել: Պատճառ նշում են այն, որ աղբյուրում ջուր չկա, որ ջրավազանը լցվի ու հասնի մեզ», – ասում է գյուղի բնակչուհիներից մեկը։
«Մեր ջրավազանը պատրաստ է, Գոմանի ջրավազանը պետք է կառուցվի, որ հասնի մինչեւ մեզ: Ես ծնվել եմ, ջրի խնդիրը կա: 2021 թվականին ջրավազանից գիծ տարան, ջուրը մնաց: Իսկ ջուրը նախ Գոմանի ջրամբար պետք է լցվի, որ հետո միայն մեզ հասնի: Ես չգիտեմ՝ այնտեղ շինարարությունն ավարտե՞լ են, թե՞ ոչ»,- նշում է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Պավլիկ Կիրակոսյանը։
Գրեթե յուրաքանչյուր ընտանիք իր տանը ֆիլտր է տեղադրել՝ ջուրը մաքրելու համար։
«Ամռանը՝ անձրեւների ու կարկուտի սեզոնին մենք ջուր չունեինք, քանի որ շատ է կեղտոտվում, ժամանակին աղբյուրներ կային, հիմա չկան, ցամաքել են»,- ասում է Տրկնայի բնակիչներից մեկը։
Գոման գյուղի ջրավազանը, որտեղից ջուրը պետք է լցվի Տրկնայի ջրավազան, դեռ պատրաստ չէ շահագործման։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանի խոսքով, Գոմանի տարածքային միավորի մեջ է Տրկնան, ջրավազանը պատրաստ է, բայց անհրաժեշտ է վերականգնել դրա ծածկը։
«Գումարը հատկացված է, երկու անգամ մրցույթ է հայտարարվել, բայց մասնակիցներ չեն եղել, որոշել ենք կապալառուի հետ ուղիղ պայմանագիր կնքել, 10 օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,- մեկնաբանեց նա։
Սակայն, ըստ Մովսիսյանի, Գոման գյուղի ջրամբարի ծածկույթը վերականգնելով Տրկնայի բնակիչների ջրամատակարարման խնդիրը չի լուծվի։
«Օլավերդից է ջուրը գալիս, վերջերս այնտեղ հոսքը պակասել է, մեզ էլ չի հերիքում, դժվար թե այնքան շատ լինի, որ Տրկնային եւս բավարարի: Հարկավոր է ջրի լրացուցիչ աղբյուրներ գտնել»,- նշեց նա։
Գոման գյուղի խմելու ջրի ջրամբարի, ինչպես նաև Վաչիան գյուղի խմելու ջրի ջրամբարի ծածկույթի վերականգնման համատեղ մրցույթն առաջին անգամ հայտարարվել էր սեպտեմբերի 7-ին՝ 12986 լարիի չափով, որից 7056 լարին հատկացվել է Գոմանի ջրավազանի համար։ Այն չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Երկրորդ անգամ նույն մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 22-ին, այն շահել էր անհատ ձեռնարկատեր Ցոլակ Վարթիկյանը 12886 լարիի չափով, սակայն ընտրության/գնահատման փուլից հետո վերջինս որակազրկվել էր «տեխնիկական պատճառներով»։ Ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում, գների աղյուսակում Գոմանի փոխարեն երկու անգամ էլ ներկայացվել են Վաչիան գյուղի աշխատանքների ծախսերը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականին Տրկնա գյուղի ջրամատակարարման համար տրամադրվել էր ավելի քան 73 հազար լարի, սակայն ջրամատակարարման նախագիծը չէր իրականացվել։ 2019 և 2020 թվականներին ՕԳԾ միջոցներից 16000 լարիի և բյուջեի միջոցներից 40000 լարիի դիմաց կառուցվել է ջրավազան, որտեղ պետք է ջուր լցվեր այլ ջրավազանից (Գոման գյուղի), սակայն այս ջրավազանում եւս ջուր չկա:
Տրկնայում իրավիճակը տագնապալի է՝ գյուղը «անհետացողների» շարքին է պատկանում, բնակիչներն արտագաղթում են Ռուսաստան, գյուղում երիտասարդներ գրեթե չկան, գյուղն անգամ ուսանող չունի։ Երեխաները դպրոց են հաճախում Զակ, իսկ մանկապարտեզ՝ Բարալեթ գյուղում։