Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղը քաղաքից 33 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն այստեղ հասնելու համար հարկավոր է մոտ 3 ժամ, քանի որ ճանապարհները անմխիթար վիճակում են: Այս ուղղությամբ Խավեթն ամենավերջին գյուղն է, Թուրքիային սահմանակից։ Գյուղ տանող ճանապարհը նեղ է ու քարքարոտ, մեծ փոսերով, որտեղ անձրևաջրեր են լցվում և ամիսներով մնում՝ նեխում ու տհաճ հոտ առաջացնում։ Գյուղի անվերջանալի խնդիրներից բազում խնդիրներից խավեթցիները կարևորում են և առանձնացնում ճանապարհների վերանորոգման հարցը:

khavet 11

Խավեթ գյուղի կենտրոնում հավաքվածներն ասում են՝ եթե լուծվի ճանապարհի հարցը, ապա մյուս խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն:

«Առհասարակ, եթե սկսեմ խոսել խնդիրներից, դրանք անվերջանալի են, եկեք առանձնացնենք ամենաառաջնայինը, որը ինչպես տեսնում եք ճանապարհների անմխիթար վիճակն է։ Շատ անգամ ես էլ եմ գնացել համագյուղացիներիս հետ բողոքի Ախալքալաք, բայց ոչ մի փոփոխություն, ոչ մի օգնություն։ Հիմա էլ գյուղի ճանապարհների հարթեցման համար ամիս ու կես առաջ ավազ են լցրել, որն այդպես էլ թողել են, ինչն ավելի է դժվարացրել երթևեկությունը», – ասում է գյուղի բնակիչ Փառնավազ Սիմոնյանը։

khavet

Անդրանիկ Պետրոսյանն ասում է՝ լսել են, որ նախագիծ կա, սակայն այն նորից հետ է ուղարկվել վերանայման:

«Ասում են փողը եկել է ճանապարհները վերանորոգելու համար, հիմա էլ վառելիքի և այլ թանկացումների համար են նախագիծը հետ ուղարկել, որպեսզի փոփոխություններ կատարեն։ Չգիտեմ, ինչքանով է ճիշտ, մի բան էլ, որ հարցնում ենք, խաբում են: Բոլորը նույն պատասխանն են տալիս, կարծես թե բոլորը նույն մորից են ծնվել»:

anancaneli

Ճանապարհների վերանորոգման հիմնական նպատակը գյուղացիների համար մեկն է՝ գոնե շտապ օգնության ծառայությունը ժամանակին գյուղ հասնի:

«Հայրս վատ էր, ձմեռ էր, ճանապարհները փակ էին, շտապ օգնության մեքենան մնացել էր, մինչև կանչեցի, եկան հասան Մյասնիկյան գյուղ, այնտեղից չկարողացան առաջ գալ, սա է մեր վիճակը», – պատմում է Լիպարիտ Պետրոսյանը:

Նրա որդին Արսեն Պետրոսյանը հուզվում է, երբ հիշում է այդ դեպքը, աչքերը խոնավանում են.

«Մի ցանկություն ունեմ, ճանապարհները վերանորոգեն, որ մյուսների պապիկներն էլ իմ պապիկի նման չմահանա»:

Մի անգամ էլ Հայաստանից են եկել 16 հոգով, գյուղի ճանապարհները փակ են եղել, մտել են քաղաքապետարան, ասել, որ չեն կարող գնալ գյուղ, դուրսն են մնացել, նախկին քաղաքապետերից մեկն ասել է՝ ինչու եք այդ գյուղում ապրում ո՞ր:

Խավեթցիները զբաղվում են կարտոֆիլագործությամբ և անասնապահությամբ: Սակայն ունեցած բերքն էլ չեն կարողանում իրացնել։ Կարտոֆիլի գնորդներն իրենց գյուղ են հասնում ամենավերջում, երբ մյուս գյուղերում այլևս կարտոֆիլ չի լինում:

«Երեք տոննա կարտոֆիլ ենք բեռնում մեքենան, որ տանենք Թբիլիսի վաճառենք, մինչև հասնում ենք Սուլդա երկու ժամ ու կես է տևում: Մեր գյուղ գալիս են այն դեպքում, երբ ուրիշ գյուղերում վերջանում է կարտոֆիլը։ Մյուս գյուղերի համեմատ 15 թեթրի էժան ենք տալիս, կամ տանում ենք Կոմունա, որ այնտեղից գան գնեն», – ասում են Խավեթի բնակիչները:

«Սա ի՞նչ ճանապարհ է, 50 լարի եմ տալիս, որ հասնեմ քաղաք, մեծն Շոթա Ռուսթավելիի նկարը տվեցի 11 լիտր վառելանյութ առա, մենք մեր փողը տալիս ենք ճանապարհին, տեսնում եք ճանապարհների վիճակը։ Հասնում ենք քաղաք, այնտեղ էլ անցնում ենք լուսարձակի տակից, եթե առաջ 50 լարի էր տեխզննում չանցնելու տուգանքը, հիմա 150 է։ Դե ասեք, ի՞նչ անենք», – ասում է Անդրանիկ Պետրոսյանը:

Հարկ է նշել, որ Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ ճանապարհի վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման համար 667 031 լարի է հատկացվել: Համաշխարհային բանկը շարունակում է Ախալքալաքի գյուղական ճանապարհների բետոնապատման ֆինանսավորումը։ Արդեն ճանապարհի 2 կմ-ն վերականգնվել է։ Շարունակելու համար Համաշխարհային բանկը հատկացրել է 4,446,870 լարի, իսկ գումարի 15%-ը պետք է համաֆինանսավորվի տեղական իշխանությունների կողմից։

Խավեթում մարդիկ երազում են խանութ ունենալու մասին: Գյուղացիները հենց քաղաք են հասնում, ստիպված մեծաքանակ գնումներ են անում, որպեսզի այն բավականացնի մեկ կամ երկու ամիս, հետո էլ փորձում են այնպես անել, որ այն չփչանա:

erexaner

Գյուղում խմելու ջուր կա, բայց չկա ոռոգման համակարգ: Ջրատարը վերանորոգել են մոտ 4 տարի առաջ, երկու տարի շարունակ «Օգնություն գյուղին» ծրագրի միջոցները ուղղել են ջրագծի նորոգմանը:

Ինչպես գյուղացիներն են ասում՝ չգիտեն, թե հատկացված գումարի քանի տոկոսն է ծախսվել, քանի տոկոսը՝ գրպանվել, բայց որ անորակ է սարքվել, դա փաստ է։

«Ջրի խողովակների այդ տարածքը ցանցապատել են, որպեսզի անասունները չմտնեն և ջուրը չաղտոտեն: Ցանցն այնքան բարակ է, որ անգամ մի թեթև քամին այն պատռում է: Հիմա հորթերը ազատ տեղաշարժվում են այդ տարածքով, խողովակները վնասում, ինչի հետևանքով ջուրը գյուղ չի հասնում և նորից աղտոտ ջուր է հոսում», – ասում է գյուղի բնակիչ Լիպարիտ Պետորսյանը:

Գյուղում չկան նաև աղբամաններ, սպասում են՝ 4 ամիս առաջ խոստացել են մեծ աղբաման տեղադրել, որը մինչև հիմա չի տեղադրվել։

aghb

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյան ասում է. «Անպայման պետք է տեղադրվի աղբաման, հիմա սպասում ենք, որ ճանապարհների հարթեցման աշխատանքներ իրականացվեն, հետո տեղադրենք, որպեսզի նոր մեքենան չջարդվի։ Հիմա հարթեցվում է Պտենայի ճանապարհը, հետո Խավեթը, մոտ 15 օրից կտեղադրվի, եթե եղանակային պայմանները թույլ տան»:

Երիտասարդների համար զբաղմունքի ոչ մի կենտրոն չկա: Գյուղի կենտրոնում, երիտասարդները իրենց ուժերով հին շենքում թենիսի սրահ են բացել, որը փակվում է մութն ընկնելուն պես, քանի որ էլեկտրականություն չկա:

shenq

Գյուղի միակ լուսավոր կետը դպրոցն է. որտեղ նույնպես կան խնդիրներ, օրինակ, դպրոցում ուսուցիչների պակաս կա:

«Փառք Աստծո, ունենք այնպիսի տնօրեն, որ այս պայմաններում էլ ամեն ինչ անում է: Մեր մոտ ավարտական դասարաններից 50 տոկոսից ավելին գնում են սովորելու։ Հիմնականում Թբիլիսի, արդեն Հայաստան շատ քիչ են գնում», – ասում է Փառնավազ Սիմոնյանը։

Թվարկված խնդիրներին ավելացել է նաև արջերի հայտնվելը, որն արդեն վախ է առաջացնում Խավեթի բնակիչների մոտ։

«Մի օր արջը մեզ կուտի կպրծնենք ամեն ինչից, շատ ողբալի դրություն է, ոչ մի հարցի լուծում չի տրվում»,- ասում են խավեթցիները:

Նշում են՝ իրենք միշտ երկրորդական պլանում են եղել, իրենց գյուղի խնդիրներին ոչ միայն լուծում չի տրվում, այլև նույնիսկ փորձ չի արվում:

Այդ պատճառով էլ Խավեթում, ում հնարավորությունը փոքր-ինչ ներում է, հիմնական ապրելու է տեղափոխվում՝ կամ Հայաստան, կամ Ռուսաստան: