Բեժանո գյուղում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է գյուղի ճանապարհի մի մասը, իսկ մնացած հատվածի աշխատանքները շարունակվում են այս տարի։ Հիմա արդեն ճանապարհի բետոնե ջրատարները քայքայվում են։ Գյուղացիները ահազանգում են, արդյո՞ք այդպես է մնալու։

Բեժանոյում ասում են՝ ճանապարհի նոր կառուցված բետոնե ջրատարներն արդեն քանդվում են։

«Ճանապարհն ասֆալտապատելու ժամանակ տեղադրեցին բետոնե ջրատարներ, մեկ տարի է անցել, բայց դրանք արդեն քայքայվում են։ 100 տարվա հազիվ եկել են մի անգամ ճանապարհ են նորոգում, այն էլ այս վիճակում։ Ժողովուրդն ամոթից ձայն չի հանում, այդպես են մտածում, որ այս օրվան ենք հասել»,- ասում են Բեժանոյի բնակիչները։

1

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը անդրադարնալով այս խնդրին ասաց, որ այդ աշխատանքները կատարել է «Արալի» ընկերությունը։ Ճանապարհի կառուցման էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է 2020 թվականին, իսկ աշխատանքներն իրականացվել  է 2021 թվականին։

«Բեժանոյի ասֆալտապատման աշխատանքները հիմա նախապատրաստական փուլում է։ Այն ինչ դուք նշում եք, որ քայքայված է, այդ աշխատանքները կատարել է «Արալի» ընկերությունը։ Հիմա մենք կատարում ենք աշխատանքներ, որոնք ձեր նշած հին էլեկտրոնային մրցույթի հետ կապ չունեն։ Նոր աշխատանքների նախագիծը կազմվել է 2022 թվականի ավարտին, իսկ 2023 թ․-ին մենք նոր էլեկտրոնային մրցույթ ենք հայտարարել և 2024թ․-ին կվերջացնենք այդ աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ 2021 թ․-ին կառուցված բետոնե ջրատարները քայքայվել են, մենք դա այդպես չենք թողնի։ Անպայման կդիմենք շինարարին, որպեսզի թերությունները վերացնի», – ասաց Մելքոն Մակարյանը։

Բեժանոյի ճանապարհի կառուցման երկորդ փուլի աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է  «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 1 593 000 լարի արժողությամբ։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը շարունակում է Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են 2021 թվականին։ Վերականգնումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն արդեն ավարտված է, ասֆալտապատվել է մինչև Բեժանո գյուղի սկզբնամասը, աշխատանքները իրականացրել է «Արալի» ընկերությունը։ Երկրորդ փուլը նախատեսում է ասֆալտապատում մինչև Բորժոմիի մունիցիպալիտետի Չխարոլա գյուղ, մոտ 1.5 կմ ճանապարհ, որի նախապատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Առաջին փուլը ֆինանսավորվել և կառուցվել է՝ ինչպես տեղական բյուջեի, այնպես էլ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ծախսվել է 1 872 710 լարի։

2

Այս թեմայով նաև կարող եք կարդալ՝