Արդեն մեկ ամսից ավելի է ընթանում է Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Հիմա աշխատանքները ճանապարհաեզրերում եղած ջրատարների վերականգնման և բետոնների տեղադրման փուլում են։
Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 2 058 000 լարի արժողությամբ: Պայմանագրի ժամկետն այն ստորագրելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է: Օգոստոսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում ժողովը հաստատել է մունիցիպալիտետի բյուջեի ճշգրտումները, ըստ որի՝ վերոնշյալ ճանապարհի վերականգնման համար հավելյալ՝ 32 500 լարի է հատկացվել։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Կուլիկամ գյուղում ճանապարհը նեղ է, և որոշ բնակիչների շինություններն ու այգիները խանգարում են ճանապարհաշինարարական աշխատանքներին։
«Մեր կողմից ոչ մի խնդիր չկա, ճանապարհահատվածին մի բնակչի պատը ճանապարհի վրա է, բայց հո տունը չենք քանդելու, տեղական իշխանության ներկայացուցիչներն էլ տեսել են, տեղյակ են։ Դա մեր որոշումը չէ, իրականում այդ հատվածում ճանապարհը նեղ է, բայց այդ հարցը ժամանակին էր պետք լուծել, հիմա պատը չենք քանդելու», – ասում է Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն։
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց.
«Մենք տեղում ծանոթացել ենք խնդիրներին, պատ կա, որը խանգարում է, վերջում որոշվեց, որ պետք է մնա, չենք քանդելու մարդու պատը։ Որտեղ որ նեղ է, կամ լայն էր, պայմանվորվել ենք, որոշել ենք ինչպես անել։ Կարող եմ ասել, որ այդ պահին որոշեցինք, որ այդ պատը չպետք է քանդենք, թե հետագայում ինչ-որ բան փոխվի, չեմ կարող ասել»,- ավելացրեց Արան։
Ինչ վերաբերվում է ասֆալտապատման աշխատանքներին, ապա Նոդար Ինասարիձեն ասաց, որ հավանաբար մյուս տարի կսկսվեն։
«Քանի որ այս տարի կես միլիոն է տրամադրված, հիմա արհեստական շինությունները կանենք, այնուհետև կլինի ասֆալտապատում»,-ավելացրեց Ինասարիձեն:
Հիշեցնենք, որ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվել են հունիսի 21-ին։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Սկսվել են Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի կառուցման աշխատանքները
Կասֆալտապատվի Խուլգումո-Կուլիկամ ճանապարհը
Խուլգումոն փոշու մեջ. ասֆալտապատ ճանապարհի սպասումով
Քաղաքին ամենամոտ, բայց «հեռու» գյուղը