Խուլգումո գյուղի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են ճանապարհների անմխիթար վիճակից։ Ինչպես խուլգումոցիներն են ասում՝ միշտ խոստանում են, բայց չեն ասֆալտապատում։ Մայիսի 28-ին գյուղում կատարվել են ճանապարհների հարթեցման աշխատանքներ, որից հետո ամեն անցնող մեքենայի հետևից այնպիսի փոշի է բարձրանում, որ մարդիկ վազելով տներն են մտնում, որպեսզի փոշուց չխեղդվեն:
Խուլգումո գյուղի երիտասարդներից Արթուր Եփրիկյանը, Կառլեն Մուրադյանը, Ալեքսնադր Դուլխանովը և այլոք, իրենց դժգոհությունն են հայտնում՝ ինչքան կարելի է խոստանալ ու չպահել խոստումը։
«Ամեն տարի խոստանում են ասֆալտապատել, բայց չեն կատարում իրենց խոստումները, հիմա էլ հարթեցրել են, փոշին ամբողջ գյուղով մեկ է տարածվում, ասում են այս տարի կասֆալտապատեն, բայց ե՞րբ, ձմռանը», – նշում են երիտասարդները։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ տվյալ ճանապարհի ասֆալտապատման նախագիծն արդեն պատրաստ է։
«Նախագիծը պատրաստ է, ուղարկված է սակրեբուլո հաստատման, սպասում ենք ֆինանսավորման։ Եթե այս տարի հասցրեցին ֆինանասավորեցին միանգամից կսկսենք աշխատանքները։ Ես եղել եմ Խուլգումոյում, խոսել եմ բնակիչների հետ, բացատրել եմ իրավիճակը»:
Քաղաքապետի խոսքով, եթե գումարը ուշ փոխանցեն քաղաքապետարանին, ապա այս տարի ճանապարհի վերապատաստման աշխատանքներ կանեն, որ մյուս տարի միանգամից ասֆալտապատեն։
Գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը նույնպես ասում է, որ սպասողական վիճակի մեջ են, իսկ հարթեցումը նախատեսված էր, որպեսզի ճանապարհները գոնե մի քիչ կարգավորվեն։
Հիշեցնենք, որ այս տարի ենթակառուցվածքային աշխատանքների մեջ ներկայացված է Խուլգումո-Կուլիկամ գյուղի ճանապարհի ասֆալտապատումը՝ 2 413 մետր երկարությամբ, որի բյուջեն կազմւոմ է 2 167 760 լարի: