նորություններ 9 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի կենտրոնական փողոցների մայթերին առաջացել են փոսեր և փլուզումներ

Ախալքալաքի Ազատության և Աղմաշենեբելի փողոցների մայթերի ասֆալտապատ ծածկույթը վնասվել է։

Երկու դեպքում էլ խոսքը ոչ թե մակերեսային փոսերի, այլ ծածկույթի քայքայման մասին է, որի հետևանքով առաջացել են անցքեր և փլվածքներ։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ փոսերը գտնվում են հետիոտների համար նախատեսված հատվածում և վտանգ են ներկայացնում բնակիչների անվտանգ տեղաշարժի համար։

Ազատության փողոցի մայթին՝ «Վեգաս» խաղատան հարևանությամբ, փոսն օրեցօր մեծանում է։ Փլվածքի եզրերն անհարթ են, իսկ ասֆալտի մի մասը ներս է թափվել։ Քայքայված ծածկույթի տակ հստակ երևում են հողը, քարերը և այլ նյութեր։ Փոսի ներսում նաև աղբ կա՝ տարաներ, փաթեթավորումներ և այլ թափոններ։

Հատկանշական է, որ վնասվել է ոչ միայն ծածկույթի վերին շերտը։ Փլվածքի արտաքին տեսքից կարելի է ենթադրել, որ ասֆալտի տակ գտնվող հիմքի մի մասը բացակայում է կամ կորցրել է կայունությունը։ Թե որքան խորն է փոսը և ով կարող է տուժել, եթե ասֆալտի բարակ շերտը հանկարծ փլվի, պարզ չէ։

Pos 2

Փոսն Ազատության փողոցում

Pos 4

Աղմաշենեբելի փողոցում՝ Արդարադատության տան հարևանությամբ, իրավիճակը նույնպես մտահոգիչ է։ Մայթին ասֆալտապատ ծածկույթի մեջ անցք է առաջացել, որի մեջ նույնպես բնակիչները աղբ են նետում։

Վնասված հատվածը գտնվում է հետիոտների համար նախատեսված գոտում, ուստի նույնիսկ համեմատաբար փոքր փլվածքը վտանգ է ներկայացնում։ Միևնույն ժամանակ այստեղ հատկապես կարևոր հարց է առաջանում․ այս մայթի ասֆալտապատումն իրականացվել է մոտավորապես 2019–2020 թվականներին։ Այսինքն՝ ծածկույթը կարելի է համարել համեմատաբար նոր։ Մի քանի տարվա շահագործումից հետո նման լուրջ փլվածքի առաջացումը պահանջում է պատճառների պարզաբանում։

Ի՞նչը կարող էր հանգեցնել փլվածքի առաջացմանը

Ախալքալաքի բնակիչները, որոնք զբաղվում են ճանապարհաշինական աշխատանքներով, հնարավոր պատճառների թվում նշում են ծածկույթի տակ ջրի ներթափանցումն ու հողի աստիճանական լվացումը, անձրևաջրերի հեռացման համակարգի կամ այլ ստորգետնյա հաղորդակցությունների հետ կապված խնդիրները, հիմքի նստվածքը, ինչպես նաև մայթի սկզբնական կառուցման ժամանակ հողի անբավարար խտացումը։

Չի բացառվում նաև ծառերի արմատների ազդեցությունը։ Դրանք կարող են դեֆորմացնել ծածկույթը, առաջացնել ճաքեր և նպաստել ասֆալտի տակ ջրի ներթափանցմանը։

Քաղաքապետարանից հայտնել են, որ մայթերի փոսերի մասին տեղյակ են և եղել են դեպքի վայրերում։

Pos 3

Փոսն Աղմաշենեբելի փողոցի մայթին

Pos 1

«Ուշադրություն ենք դարձրել, որ նման փոսեր կան, սակայն այս պահին կարծում ենք, որ դրանք այնքան վտանգավոր չեն, որպեսզի անհապաղ զբաղվենք դրանցով։ Պետք է փորենք, որպեսզի հասկանանք, թե այնտեղ ինչ է տեղի ունենում։ Եթե առաջին դեպքում մայթը գտնվում է մունիցիպալ տարածքում, ապա Աղմաշենեբելի փողոցի հատվածը գտնվում է Ավտոճանապարհների դեպարտամենտի հաշվեկշռում։ Իհարկե, մեզ համար դժվար չէ նամակ գրել դեպարտամենտին և տեղեկացնել այդ մասին», — ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը։

Մայթը նախատեսված է մարդկանց անվտանգ տեղաշարժի համար։ Նման բնույթի փլվածքներն արդեն ոչ թե քաղաքի փողոցների արտաքին տեսքի, այլ հետիոտների անվտանգության և քաղաքային ենթակառուցվածքների որակի խնդիր են։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝