Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանն ընդլայնում է իր ջերմոցային տնտեսությունը, որը 2020 թվականին լոլիկի աճեցման առաջին նորարարական ջերմոցն էր։

Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը երեք տարի է, իր ջերմոցում լոլիկ է աճեցնում և վաճառում։ Նա տարեկան ստանում է առնվազն 4 տոննա լոլիկ, մեկ կգ-ը վաճառում է 1,5-2 լարիով։ Ենոքը տարեկան մոտ 8000 լարի եկամուտ է ստանում։ Ջերմոցը նորարարական է, աշխատում են ամբողջ ընտանիքով։

Բաբաջանյանը 25 000 լարի գյուղատնտեսական վարկ վերցնելով նոր ջերմոց է կառուցել, որտեղ մտադիր է վարունգ աճեցնել։ Նրա խոսքով, հաճախորդների համար հարմար կլինի և՛լոլիկը, և՛ վարունգը նույն տեղից գնել։

Enok1

Նոր ջերմոցի մակերեսը 200 քառ/մ է։ Շինարարությունն ընթացքի մեջ է, ծածկն արդեն տեղադրված է, ցանքավայրերը պատրաստ են, հողը ևս։ Ենոքը սպասում է վարունգի սածիլներին որ տնկի։ Դրանք պատվիրել է Ախալցիխեից։
Ինչպես և իր առաջին ջերմոցը, Ենոքը նորը ևս ինքն է կառուցել, իր ձեռքերով, շինանյութերը պատվիրել է ինտերնետով։ Ենոքը ինժեներ-շինարար է, նա նաև էլեկտրատեխնիկայից է հասկանում։ Նոր ջերմոցը լինելու է ուղղակի ջերմոց, կաթիլային ոռոգման համակարգով, մինչդեռ հինը նորարարական է։

«Հին ջերմոցում հողը ջեռուցվում է էլեկտրականությամբ կամ գազով, հիմքը ծածկված է մեծ քարերով։ Տաք օդը փչում է, քարերը տաքանում են, հետո երեկոյան քարերից տաքությունը բարձրանում է վերև։ Արևային կայանը տաքացնում է գետնի տակ գնացող ջուրը և տաքացնում է ոռոգման ջուրը, հետևաբար այն նորարարական է։ Ես վարունգը կստանամ հոկտեմբերին, սա այն ամիսն է, երբ Մառնեուլում վարունգ այլևս չկա, իսկ ջերմոցներինը դեռ չի հասել, ու այդ ամիս ես բերքս պետք է հասցնեմ վաճառել»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Նոր ջերմոցը կգործի տաք ամիսներին։ Այն նախատեսված է միայն վարունգ աճեցնելու համար, սակայն Ենոքը չի բացառում կանաչեղենի աճեցումը։ Նոր ջերմոցը, թեև նորարարական չէ, բայց քանի որ գները բարձրացել են, նրա համար գրեթե նույն գինն է արժեցել, ինչ նորարարականը։ Հին ջերմոցը գործում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Enok2

Նոր ջերմոցում նա տնկելու է «Մամլուք» և «Կուրաժ» սորտերը։ Ենոք Բաբաջանյանը հույս ունի, որ երեք տարի հետո իր ծախսերը կհանի։
Ենոք Բաբաջանյանը կարծում է, որ Ջավախքում լոլիկը և վարունգը լավ այլընտրանք են կարտոֆիլի և հացահատիկայինի համար։ Նրանց գինը կայուն է կարտոֆիլի և հացահատիկի գնի համեմատ։

varung

Գործարարն իր ջերմոցում քիմիական նյութեր չի օգտագործում, միայն բնական կենսապարարտանյութեր:

Ենոք Բաբաջանյանը ջերմոցը կառուցել է 2020 թվականին ENPARD-2 ծրագրով, Տեղական զարգացման խմբի (LAG) ֆինանսական աջակցությամբ։ Ջերմոցի հետ ձեռք է բերել նաեւ էլեկտրակայան, որը ժամում 5 կՎտ էլեկտրաէներգիա է արտադրում։

2021 թվականին Ենոքը UNDP -ից շահել էր ևս մեկ նախագիծ՝ 10 կՎտ հզորությամբ մեկ այլ արևային կայան տեղադրելու համար: Ենոք Բաբաջանյանն ամռանն արևային կայանի էներգիան վաճառում է էներգիա բաշխող «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությանը 11,5 թեթրիով և նրանցից գնում է 18 թեթրիով՝ հիմնականում ձմռանը։

Enokk

Բաբաջանյանը վաճառքի հետ կապված խնդիրներ չունի, գնորդներն Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչներն են։

Երեքը մեկում. Ջավախքի նորարարական առաջին ջերմոցը

Նորարարական ջերմոց. փորձարկում, որը թույլ է տալիս չվճարել էլեկտրաէներգիայի համար