«Մունիցիպալ կազմակերպությունների աշխատանքը, ծախսերը և աշխատավարձերը» հոդվածի հրապարակումից հետո Jnews-ը մի քանի արձագանք է ստացել, ըստ որի հոդվածում հրապարակված աշխատավարձերը չեն համապատասխանում աշխատողների ստացած աշխատավարձերին։ Jnews-ը պարզել է, թե ինչու է այդպես տեղի ունեցել։
Մասնավորապես, բազմաթիվ արձագանքներ եղան, որ հոդվածում հրապարակված մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց ստացած իրական գումարին։ Եվ նաև արձագանքներ եղան, որ երաժշտական դպրոցի ուսուցիչները հոդվածում նշված 465 լարին չեն ստանում։ Մնացած արձագանքներում կոնկրետ խնդրի մասին չի նշվում։
Մանկապարտեզների միավորումում աշխատանքի և աշխատավարձերի մասին տեղեկությունը ստացվել է ի պատասխան քաղաքապետարանի Jnews-ի հարցմանը։ Այդ տեղեկատվության մեջ մեկ դաստիարակի աշխատավարձը կազմում է 600 լարի։ Մանկապարտեզի դաստիարակները վրդովվել են, որ իրենք ստանում են ոչ թե 600, այլ 450 լարի։ Ինչպես պարզվեց, քաղաքապետարանի տրամադրած բյուջեում հաշվարկված է, որ մի խմբում պիտի աշխատեն 2 դաստիարակ, մեկը լրիվ դրույքով և պետք է ստանա 600 լարի, իսկ երկրորդը՝ կես դրույքով և պետք է ստանա 300 լարի։ Բայց Միավորումում հավասար բաժանել են և՛ ընդհանուր գումարը, և՛ աշխատաժամանակը, արդյունքում դաստիարակները 4,5 ժամ աշխատանքի դիմաց ստանում են 450 լարի։
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն իրավիճակը բացատրում է այսպես.
«Դաստիարակների դրույքը ոչ թե լրիվ է, այլ 0,75 %: Դաստիարակները ֆինանսներից լավ չեն և նրանք մտածել էին, որ 600 լարին իրենց աշխատավարձն է: Դաստիարակները ստանում են 450 լարի»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Երաժշտական դպրոցի առումով տնօրենը բացատրեց, որ Երաժշտական դպրոցի ուսուցիչների աշխատավարձը կախված է ուսուցչի կատեգորիայից, աշխատանքային ժամերի քանակից,և յուրաքանչյուր դեպքում որոշվում է առանձին։
«Միջին աշխատավարձն իրականում մոտ 430-450 լարի է, ոմանք ստանում են ավելին, ոմանք՝ ավելի պակաս՝ կախված նրանից, թե ով քանի ժամ է աշխատում:Ուսուցիչների աշխատավարձը 230 լարիից մինչև 530 լարի է»,- պարզաբանեց Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։