Հասարակություն 17 Նոյեմբերի, 2020 • Դադեշում երկար սպասված «շուտովը» այդպես էլ չի մոտենում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչները դժգոհում են, որ երկար տարիներ իրենց խոստանում են, որ խմելու ջրի պակասի հարցը շուտով կլուծվի, բայց գյուղում խնդիրը դեռ հրատապ է մնում:

Դադեշ գյուղի բնակիչները դժգոհ են, որ բազմիցս բողոքներից հետո իրենց խնդիրներից ոչ մեկը չի լուծվել: Գյուղում բնակվում է շուրջ 160 ընտանիք: Գյուղը չունի ոչ բնական գազ, ոչ նորմալ ճանապարհ, ոչ էլ ամենակարևորը՝ խմելու ջուր:

Գյուղի բնակիչ Ոսկան Հակոբյանի խոսքով՝ գյուղացիները բազմիցս բողոքել են, դժգոհություն հայտնել, խնդրել, բայց գյուղում ոչինչ չի փոխվել:

«Ասում են ջրի խնդիրը շուտով կլուծվի, տեսնենք ե՞րբ: Մինչև հիմա ոչ մի բան չի արվում», — ասում է նա:

Նույն գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանն ասում է, որ ջրամատակարարման գիծը շատ հին է, խողովակները ժանգից խցանվել են, ուստի և ջուրը գյուղ չի հասնում: Ինչպես նա է պնդում, ջուրը ոչ միայն քչություն է անում, այլև կեղտոտ է:

Ինչպես վստահեցնում են գյուղացիները՝ անցյալ տարի իրենց ասել էին, որ Թբիլիսիից պետք է մասնագետներ գան, նայեն տարածքը, ապա նախագիծ կազմեն, բայց նախագիծը դեռևս պատրաստ չէ:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, գրեթե 30 տարի մեր գյուղում միշտ խմելու ջրի պակաս է եղել», — ասում է Դադեշ գյուղի բնակիչ Աբրահամ Դուլբարյանը:

Ինչպես և երբ կլուծվի այս հարցը, մենք փորձեցինք պարզել Դադեշ գյուղում քաղաքապետի ներկայացուցչից՝ Էդգար Թումասյանից: Նրա խոսքով, ներկայումս ընթանում է նախագծի պատրաստման գործընթացը: Նա պնդում է, որ ջրամատակարարման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի՝ 2021 թվականին:

Բրատիսլավ Իգիթխանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝