Ախալքալաքի Մուրջախեթ գյուղի բնակիչն էլեկտրաէներգիա է արտադրում, մի մասը վաճառում է, մի մասն էլ օգտագործում է ջերմոցում լոլիկ աճեցնելու համար, ինչպես նաև արտադրում է կենսագազ կենցաղային օգտագործման համար:
Ախալքալաքի Մուրջախեթ գյուղի բնակիչը՝ Ենոք Բաբաջանյանը Ջավախքում առաջինն է, ով կառուցեց ջերմոց և միևնույն ժամանակ իրականություն դարձրեց իր երեք գաղափարները՝ համատեղելով մեկ նախագծում:
Ենոք Բաբաջանյանի խոսքով, ոչ ոք չէր հավատում, որ նա դա կաներ, իսկ նա ոչ միայն ի կատար ածեց, այլև ձեռք բերեց նոր մասնագիտություն՝ «ջերմոցային նորարար», որը նախկինում հայտնի չէր: Ջերմոցը նա կառուցել է երկու ամսում: Ամենն ինքն է կատարել, և նախահաշվարկը, և նախագիծը և հաշվարկները:
«Ոչ ոք չէր ստանձնում նախագիծ կազմել, բոլորը, ովքեր գալիս էին, ասում էին, որ դա շատ դժվար է, և ոչ ոք չէր ցանկանում գործը գլուխ բերել, բայց ես դա արեցի, ես ինժեներ-շինարար եմ, նաև հասկանում եմ էլեկտրատեխնիկայից: Ինչ-որ բան գիտեի, իսկ որոշ բաներ էլ ուսումնասիրեցի և արեցի: Դա հեշտ չէր, բայց ես դա կարողացա», – ասում է Ենոք Բաբաջանյանը:
Այժմ շատերը դիմում են նրան խորհուրդների համար:
«Իմ գլխավոր նպատակը արևային էլեկտրակայան ստեղծելն էր և բիոգազ արտադրելը, բայց ես պարզապես մտածեցի և համատեղեցի ամենը մեկ նախագծում: Ջերմոցային տնտեսության գաղափարը ծագեց Իռլանդիա մեկնելուց հետո, որտեղ ես տեսա, թե ինչպես են նրանք ստանում բիոգազ և գործածում այն կաթնամթերքի արտադրության մեջ », – ասում է Ենոք Բաբաջանյանը:
Նորարարը իր գաղափարը կյանքի կոչեց LAG «Տեղական զարգացման խմբի» ֆինանսական աջակցությամբ, ENPARD2 ծրագրի շրջանակներում: Նախագծի ընդհանուր արժեքը 50 000 լարի էր, որից 35% -ը՝ ինքնաֆինանսավորումն է, իսկ հիմնական մասը` 65% տոկոսը` դրամաշնորհը:
Ջերմոցում տնկվել է 500 սածիլ, յուրաքանչյուր սածիլ, ըստ մասնագետների, պետք է տա 12-13 կգ լոլիկ: Բաբաջանյանի հաշվարկներով, նույնիսկ եթե սածիլները տան 8 կգ բերք, նրան դա ձեռնտու կլինի: Նա տնկել է «բելֆորդ» լոլիկի տեսակը: Նա սածիլները տնկել է մարտի 10-ին, բայց կարող էր շատ ավելի շուտ սկսել, եթե ամեն ինչ պատրաստ լիներ, ու հիմա նա կարող էր արդեն հավաքել առաջին բերքը:
Առանց արևային կայանի և կենսագազի համակարգի ջերմոցի ընդհանուր մակերեսը 200 քառ / մ է: Սեփականատիրոջ հաշվարկներով, նա ակնկալում է հավաքել 4 տոննա բերք, իսկ 3,5 տարի հետո հույս ունի որ ծախսերը կփակվի: Բաբաջանյանն ակնկալում է տարեկան ստանալ 10 000 լարի շահույթ:
«Սա մեր շրջանի համար շատ քիչ է, բայց սա փորձարկում է», – ասում է նա:
Ենոք Բաբաջանյանի խոսքով, իր նախագիծը նորարարական է և միակն է ամբողջ Վրաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ այստեղ ջերմոցային տնտեսության համար արևային կայան է օգտագործվում:
Այժմ, ամռանը, Ենոք Բաբաջանյանը արևային կայանի էներգիան 11,5 թեթրիով վաճառում է էներգոբաշխիչ «Էներգո Պրո Ջորջիա» ընկերությանը, իսկ նրանցից գնում է 18 թեթրիով, հիմնականում՝ ձմռանը: Այժմ ընկերությունը երեք ամսվա համար նրան պարտք է 180 լարի:
«Իմաստը կայանում է նրանում, որ ես ամռանն էլեկտրականությունը վաճառում եմ, որովհետև հիմա ինձ այդքան էլ պետք չէ էլեկտրաէներգիա, իսկ ձմռանը հետ եմ վերցնում, ձմռանը քիչ է արտադրվում, եթե եղանակն ամպամած է, ապա ավելի քիչ », – ասում է Ենոք Բաբաջանյանը:
Արևային կայանը արտադրում է 5 կՎտ / ժ էլեկտրաէներգիա:
Մուրջախեթի ջերմոցում տեղադրված են ֆիտոլամպեր, որոնք ֆոտոսինթեզի գործընթացը ավելի արդյունավետ են դարձնում:
Լոլիկի բերքը հավաքելուց հետո Ենոք Բաբաջանյանը մտադիր է աճեցնել և վաճառել կանաչեղեն (ձմռանը):
Նա իր ջերմոցում քիմիական նյութեր չի օգտագործել, նրա արտադրանքը էկոլոգիապես մաքուր է:
Ենոք Բաբաջանյանի նորամուծությունն այսքանով չի ավարտվում: Գոմաղբից նա պիտի ստանա կենսագազ: Գոմաղբը լցվում է հատուկ ցիստեռնների մեջ և արտադրվում է գազ, որը սեղմվում է ռեսիվերի մեջ, այնուհետև օգտագործվում: Արդյունքում ստացված կենսագազը կօգտագործվի ջերմոցում և տանը, իսկ թափոնները կվաճառվեն որպես բիոարտանյութ: Նրա խոսքով, նման պարարտանյութի 5 լիտրն արժե 2 դոլար: Ամսվա վերջին նա արդեն կկարողանա օգտագործել արտադրված կենսագազը:
Ենոք Բաբաջանյանը մտադիր է կապվել ռեստորանների և հյուրանոցների հետ և էկոլոգիապես մաքուր լոլիկը վաճառել բարձր գնով: Եթե բիզնեսը ձեռնտու լինի, նա այն կընդլայնի:
Մինչդեռ, նա խորհուրդներ է տալիս և խորհրդատվություն անցկացնում բոլոր նրանց, ովքեր, ի զարմանս նրա, շատ են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ Վրաստանում:
Շուշան Շիրինյան