Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում բողոքում են ոռոգման սեզոնին խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունից։ Այս խնդիրը գյուղում վաղուց կա:

Տուրցխ գյուղում ապրում է 230 ընտանիք, ժամանակին ապրել է 600-700 ընտանիք։ Բնակիչները տարբեր պատճառներով լքում են գյուղը, սակայն գլխավոր պատճառն այն է, որ երիտասարդներն ուզում են լավ պայմաններում ապրել և լավ կյանքի հետևից մեկնում են մեծ քաղաքներ։

Ամառը գյուղում ասոցացվում է ջրի բացակայության հետ։

«Վերին գյուղերը ջուրը կտրում են, այն մեր գյուղ չի հասնում: Լիճ են սարքել, որ հինգ գյուղ ջրով ապահովվի, բայց ոռոգման սեզոնին մի կաթիլ ջուր մենք չունենք, ջուր չկա անասունների համար էլ, մարդկանց համար էլ, ոռոգման համար էլ»,- ասում է Միքայել Ալբերտյանը։

«Ամեն տարի նույն խնդիրն է, արդեն հոգնել ենք, ինչքան ենք ասել, բողոքել ենք, օգուտ չկա: Հիմա մենք ջուր ունենք, մեկ ամսից մեր տանջանքները կսկսվեն, և այսպես՝ չորս ամիս»,- ասում է Գրիգոր Խաչատրյանը։

turcx

Գյուղում քիչ քիչ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղացիների խոսքով, իրենք հողագործությամբ զբաղվելու համար ոչ մեծ հողատարածքներ ունեն, ոչ էլ արոտավայրեր, որ շատ անասուն պահեն, և ոչ էլ ջուր, առանց որի չի կարող ո՛չ հողը, ո՛չ անասունը։ Յուրաքանչյուր ընտանիք ունի մոտ 70 հար հողատարածք: Բնակիչները, խմելու ջուրը ով ինչպես կարող է կրում է հարևան գյուղերից:

Ալմասյանն ասում է, որ խնդիրը կարող է լուծվել, եթե Բեժանոյից նոր առանձին ջրագիծ կառուցվի։

«Թող յուրաքանչյուր գյուղի համար գրաֆիկ կազմեն, որ բոլորին հերթով հասնի: Մեր ղեկավարությունը չի ուզում զբաղվել այս հարցով, միայն ընտրությունների ժամանակ են գալիս, այդ ժամանակ մենք նրանց պետք ենք, իսկ երբ իրենք են մեզ պետք՝ դիմում ենք, իրենք անհասանելի են»,- ասաց Ալմասյանը։

Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Աննա Ղևենյանն ասաց հետևյալը։

«Երկու ամիս ոռոգման սեզոնին մեր մոտ, ջուր չկա, այսինքն՝ գրաֆիկով է լինում, Բեժանոյի բնակիչները խողովակների վրա ծակեր են անում ու ոռոգում են իրենց արտերը: Այդ երկու ամիսը գրեթե Բեժանոյում ենք ապրում, վերահսկում ենք։ Առանց հսկողության չի լինի, մնացած ժամանակ մեր մոտ նորմալ ջուր կա: Պատահել է, որ ոստիկաններին եմ տարել այնտեղ, տուգանքի չափը փոքր է՝ 20 լարի, մեզ ճանապարհում են ու նորից սկսում են ոռոգել»,- ասում է Աննա Ղևենյանը։

Այս ջրագիծը կառուցվել է 2018 թվականին երեք՝ Տուրցխ, Լոմատուրցխ և Ղադոլար գյուղերի համար։ Գիծը քաշվել է Բեժանո գյուղից և բաժանվում է Ղադոլար գյուղի մոտ։

Տուրցխ գյուղում դժգոհում են, որ ոռոգման համակարգից էլ չեն կարողանում օգտվել, քանի որ իրենք շղթայի վերջին գյուղն են։ Ոռոգման ջուրը բարալեթցիներն են օգտագործում ու ջուրը նորից իրենց չի հասնում։ Գյուղացիներն ասում են, որ Վրաստանի միավորված մելիորացիոն համակարգեր ընկերության Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնը չի վերահսկում գիծը։

Կարդացե՛ք նաև այս թեմայով.

Խանդոյում եւ Տուրցխում դժգոհ են մելիորացիոն ընկերության աշխատանքից

Խմելու ջրի խնդիրը Տուրցխում դեռ արդիական է

Տուրցխ գյուղում գրաֆիկով են ջուրը խմում