Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում մոտ 10 րոպե ուժեղ կարկուտ է տեղացել, որի արդյունքում բնակիչների գնահատմամբ կարտոֆիլի բերքի 50%-ը ջարդել է, հողին է հավասարվել հացահատիկային մշակաբույսերը: Ինչպես նաև քշել է Գոմանով գյուղ տանող գյուղական ճանապարհը:

grad_Olaverd

Ժամը 15:00-ին, տաս րոպե շարունակ տեղացած կարկտին հաջորդել է հորդառատ անձրևը: Անձրևաջրերը քշել են Գոման-Օլավերդ ճանապարհը, որը բոլորովին վերջերս էին հարթեցրել: Կարկուտը հողին է հավասարեցրել նաև հացահատիկային մշակաբույսերը, ջարդել կարտոֆիլը, կաղամբը դաշտերն ու պտղատու ծառերը:

Օլավերդ գյուղի լիազոր Եսայի Ներսիսյանն ասում է, որ դեռ չի գնացել դաշտերը տեսնելու, որոպեհետև անձրևաջրերի հոսքը թույլ չի տալիս տեղաշարժվել:

«50% կարտոֆիլի բերքը ջարդել է: Ահա, տեսնում է տնամերձ հողամասերը, կարկուտը հողին է հավասարեցել հացահատիկային մշակաբույսերը, ինչպես նաև վնասել է պտղատու ծառերը», – ասում է նա:

Գյուղում ոչ ոք չի ապահովագրել բերքը տարերային աղետներից: Եսայի Ներսիսյանի խոսքերով, վերջերս ինքը տեղեկատվական հավաք է անցակացրել գյուղում, որպեսզի ապահովագրեն բերքը, սակայն բնակիչները փող չունեն ապահովագրելու:

«Նրանք ուզում են ապահովագրել, բայց փող չունեն, ունեցած գումարը ծախսել են ցանքսի ժամանակ, եկամուտ չունեն, խոպանից գումար չեն ուղարկել: Չգիտեմ ինչ ենք անելու», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց գյուղի լիազորը:

Օլավերդը 164 տնտեսություն ունի: Գյուղի ընտանիքների 50 տոկոսն ապրում է խոպանի հաշվին, բայց զուգահեռաբար զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ:

Լուսանկարներն ու տեսանյութերը Jnews-ին են տրամադրել Օլավերդ գյուղի բնակիչները: