Զակ գյուղը գտնվում է Ախալքալաքից 16 կմ հեռավորության վրա, գյուղացիների առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք երկար ժամանակ լուծում չեն ստանում։ Խորհրդային Միության տարիներին գյուղում կար 300-350 տնտեսություն, հետագայում այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 180-ի, իսկ այս պահին, ըստ բնակիչների, գյուղում ապրում է մոտ 80-85 տնտեսություն։
Զակ գյուղը գազաֆիկացված է, գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատված է, գյուղն ունի լիարժեք միջնակարգ դպրոց, ուր հաճախում են նաև հարևան՝ Տրկնա գյուղի երեխաները։ Սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք անհանգստացնում են բնակիչներին։
«Ամենակարևոր խնդիրը գյուղամիջյան ճանապարհներն են, ինչպես նաև լուսավորությունը, եթե ինչ-որ բան վնասվում է, ոչ ոք չի հետևում, չի փոխում, նաև գյուղի մի մասը ջուր չունի, մենք ջրամղիչ պոմպերով ենք այն մղում, հազիվ է հասնում»,- ասաց գյուղի բնակիչներից Արթուր Ղազարյանը։
Գյուղի հիմնական մասը ջրատարով ջուր է ստանում Էխտիլայից, բայց 11 տուն կա, որ գյուղի դպրոցի մոտի հորից են ջուր ստանում։ Բնակիչները ստիպված են օգտագործել ջրամղիչ պոմպեր, որոնք հաճախ այրվում են օգտագործելու ընթացքում:
Ինչ վերաբերում է գյուղի լուսավորությանը, ապա 2019 թվականին արտաքին լուսավորություն է անցկացվել ՕԳԾ-ով հատկացված 12000 լարիի գումարով։ Բայց, ինչպես պարզվում է, լուսավորությանը ոչ ոք չի հետևում։
Խանութի բացակայությունից դժգոհում են նաև Զակ գյուղի բնակիչները։ Նախկինում վաճառողներն իրենք էին գյուղ գալիս մեքենաներով, իսկ այժմ այս պրակտիկան հազվադեպ է, և բնակիչները ստիպված են գնումներ կատարել մոտակա մեծածախ խանութներից:
Զակ տարածքային միավորի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը նշեց, որ նախատեսվում էր հարթեցնել ճանապարհն այս տարի, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել։ Հաջորդ տարի, նրա խոսքով, ճանապարհը հաստատ կհարթեցվի, հնարավորության դեպքում՝ նաև կասֆալտապատվի։
«Ճանապարհը պետք է հարթեցնեին, բայց եղանակը թույլ չտվեց, հաջորդ տարի հույս կա, ասֆալտապատման մասին խոսակցություններ կան: Տեսնենք, եթե ֆինանս ունենան, կանեն»,- մեկնաբանեց նա։
Լուսավորության պահպանման հետ կապված՝ Մովսիսյանը նշեց, որ քաղաքապետի ներկայացուցիչը այդ ծառայությունները ստանալու համար պետք է դիմում գրի Ախալքալաքի սպասարկման կենտրոն։
«Մրցույթում շահողը պետք է ծառայություն մատուցի 2 տարի: Երկու տարի հետո դա արդեն որոշում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, եթե հայտարարություն գրեն նրանց, նրանք պետք է ուղղեն»,- հավելեց նա։