Խանդո գյուղի մարզադահլիճի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն երրորդ անգամն է չի կայանում։ Նախահաշվային փաստաթղթերում առկա խնդիրների պատճառով ընկերությունները չեն մասնակցել մրցույթին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի տեղեկացմամբ, խնդիրն արդեն լուծված է, և օրերս մրցույթը կհայտարարվի արդեն չորրորդ անգամ։
Խանդոն մի քանի տարի (2021, 2022, 2023) ՕԳԾ-ով գյուղի ստացած միջոցները ներդնում է սպորտդահլիճի կառուցման համար։ Քանի որ գյուղում չկա տեղ, որտեղ երիտասարդությունը կկարողանա զբաղվել սպորտով։
Արդեն աշնան կեսերն ենք, իսկ շինարարական աշխատանքները չեն էլ սկսվել, թեև քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հավաստիացրեցին, որ շինարարները ժամանակին կհասցնեն։ Իսկ այն, որ նախորդ երեք մրցույթներին ոչ ոք չի մասնակցել, պայմանավորված է նախահաշվային փաստաթղթերում առկա խնդիրներով։
«Շինարարներին ձեռնտու չէր, աշխատանքն ու գումարը չէին համապատասխանում, շինարարներին քիչ գումար էր մնում: Նախապես հնարավոր չէր դա հասկանալ, ոչ մի նախագծող չի կարող նախօրոք նման սխալը որոշել, բայց երբ շինարարն արդեն սկսում է բաժանել, թե որտեղ, ինչքան պետք է ծախսի և ինչքան է իրեն մնալու, այդ ժամանակ արդեն ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Նրա խոսքով, նախահաշիվը համաձայնեցրել են նախագծի հետ և օրերս նորից մրցույթ կհայտարարեն՝ արդեն չորրորդ անգամ։
Խանդո գյուղում մարզադահլիճի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, մինչ օրս կառուցվել են պատերը, այս տարվա ՕԳԾ-ի միջոցներով նախատեսվում է ավելացնել երկհարկանի կառույց (5×9 մ)։ Այս տարի նույնպես հնարավոր չի լինի ավարտել մարզադահլիճի շինարարությունը, սակայն Խանդոյի տերիտորիալ տարածքից Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանի խոսքով, հաջորդ տարի տեղական իշխանությունները խոստացել են տեղական բյուջեից միջոցներ հատկացնել շինարարությունն ամբողջությամբ ավարտելու համար։
Այս տարի Խանդո գյուղի մարզադահլիճի կառուցման աշխատանքներում հնարավոր կլինի առաջխաղացում գրանցել առկա 16 949 լարիի չափով։
Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը, սկզբում, Խանդո գյուղում մարզադահլիճի կառուցման աշխատանքների մրցույթը հայտարարել էր Չամդուրա և Վաչիան գյուղերի աշխատանքների հետ միասին՝ մեկ մրցույթով։ Երկու անգամ մրցույթը հայտարարել էին, բայց հայտեր չէին եղել։ Խնդիրը Խանդո գյուղի նախահաշվային փաստաթղթերում էր, դրա համար էլ մասնակիցներ չեն եղել։ Այն բանից հետո, երբ Խանդո գյուղի աշխատանքները տարանջատվեցին Վաչիան և Չամդուրա գյուղերի աշխատանքից, այս վերջին գյուղերում աշխատանքների մրցույթը կայացավ։ Ներկայումս ընթանում է այդ մրցույթի փաստաթղթերի պատրաստման գործընթացը։
Երեք գյուղում ՕԳԾ-ով աշխատանքները դեռ չեն սկսվել
Խանդոյի երիտասարդները ցանկանում են սպորտով զբաղվել, բայց դրա համար տեղ չկա