Տուրցխ գյուղում կարծես «ավանդույթ» է դարձել ամեն տարի այս ամիսներին խմելու ջրի խնդիր ունենալը։ Ինչպես գյուղում են ասում, ջուրը գրաֆիկով է հոսում՝ երեկոյան ժամերին։

Քանի որ Ջավախքում ոռոգման սեզոնն է, շատերը խմելու ջրով դաշտերն են ոռոգում, և Տուրցխի բնակիչները նույնպես բացառություն չեն։ Երբ վերևի թաղերում ջուրը կապում են այգիներ, ներքևի թաղերում ջուր չի հասնում։

«Մեր գյուղում թե խմելու, թե ոռոգման ջրի խնդիրը մշտական է, հիմա միայն երեկոյան ժամը 7-ի կողմերն է գալիս ջուրը: Ներկա դրությամբ գյուղում չկա ջուր (ժամը՝ 13:02), երբ տալիս են դույլերով հետ ենք վերցնում, որ գոնե կարողանանք պահածո անել։ Ոչ խմելու ջուր ունենք, որ ոռոգման, կարտոֆիլ ենք ցանել, որ բերք ունենանք, ջրել չենք կարող, ամեն օր Աստծուն ենք խնդրում, որ գոնե անձրև գա»,- ասում են Տուրցխ գյուղի կանայք։

Գյուղացիները նաև նշում են, որ ճիշտ է՝ իրենց գյուղում ևս կան այգիներ ջրող, սակայն հիմնականում ջուրը գյուղ չի հասնում, քանի որ վերևի գյուղերում են ոռոգում։

IMG_9811

Սակայն գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանն ասում է, որ ջուրը գյուղ հասնում է, և հենց գյուղացիներն են այգիները ջրում և սպառում, դրա համար էլ բնակիչների մի մասը ջուր չի ունենում։

«Մենք ամբողջ տարին ջուր ունենք, միայն այս սեզոնին է, որ մեկ ու կես ամիս ջուր չունենք, բայց մենք ենք օգտագործում, ով ինչ ուզում է թող ասի, մենք ջուրը բաց ենք թողնում մեր այգիներ, դրա համար էլ չի հերիքում: Եթե մենք ինքներս ենք, մեր խմելու ջուրը բաց թողնում կարտոֆիլի մեջ, ում բողոքենք։ Ամիս ու կես ջուրը ժամով է գալիս, գյուղի մի մասը չունի», – ասում է Աննա Ղևենյանը։

Գյուղում կա մի ընդհանուր ջրամբար, որտեղ ջուրը Բեժանո գյուցից է հասնում, լցվում է այդ ջրամբարը և այդ ջրամբարից գյուղում առանձին-առանձին փողոցների մատակարարում:

«Քանի որ ջրամբարները առանձին են, դրա համար գյուղի կեսը, եկեղեցուց այն կողմ, որտեղ կա 60 տուն, և ջրամբարը 20 տոնայանոց է, միշտ ջուր կա, հավասար բաժանված է ջուրը, իսկ մյուս՝ կենտրոնի փողոցը, այնտեղ կա 72 տուն, նրանց ջրամբարը 60 տոնայանոց է, որտեղից երկու գծով է ջուր հասնում, այդ մասը ինչպես ուզում այգիներ են ոռոգում, դրա համար էլ չունեն, դրա համար էլ, եթե ամբողջ Բեժանոյի ջուրն էլ մեզ հասնի, մեզ չի բավականացնի», – հավելում Տուրխց գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը։

Ամեն տարի այս խնդիրը արդիական է Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում։ Երկու ամիս օրվա ընթացում գյուղացիները ջուր են ունենում երեկոյան ժամը 19։00-ից, մինչև առավոտյան 10։00: Ձմռանը գյուղում խմելու ջրի խնդիր չի լինում: