Ախալքալաքի մունիցիպալիտետում ընթանում է հողամասերի անվճար գրանցման գործընթացը, բնակիչները վճարում են միայն օդալուսանկարահանմամ համար: Որոշ գյուղերում բնակիչներն արդեն գրանցել են իրենց հողերը: Փոքր Սամսար գյուղն ամենապասիվն է: Դա ունի իր բացատրությունը:
Փոքր Սամսարը բարձրալեռ գյուղ է, որը գտնվում է ծովի մակարդակից 2043 մ բարձրության վրա: Այս գյուղում գյուղատնտեսական աշխատանքները, կլիմայական պայմանների պատճառով, սկսում են ուշ և ավարտում են ամենավերջինը՝ հոկտեմբերի վերջին:
Գյուղում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, սակայն, ըստ գյուղացիների, անորակ հողի պատճառով բերքատվությունը քիչ է, արոտավայրերի բացակայության պատճառով անասունների համար խոտ դժվար են ձեռք բերում:
Բնակիչներն այստեղ չեն շտապում օգտվել հողի գրանցման պետական սուբսիդիայից: Յուրաքանչյուր հողամասի գրանցման 50 լարին սուբսիդավորվում է պետության կողմից (մնում է վճարել յուրաքանչյուր հողամասի օդալուսանկարահանման 50 լարին):
Յուրա Խաչատրյանն ունի ընդամենը 1 հա 25 հար հողատարածք: Հողատարածքները 6 առանձին տեղերում են, նա դեռ չի գրանցել իր հողամասերը ու առաջիկայում չի էլ պատրաստվում դրանք գրանցել:
«Կա հողամաս, որը քարերի պատճառով հնարավոր չէ մշակել: Մեր հողը քարքարոտ է, մենք քրտնաջան աշխատել ենք, տարածքը մաքրել քարերից, որպեսզի հնարավոր լինի հողը մշակել: Վերջին 30 տարվա ընթացքում որոշ հողատարածքներ չենք էլ օգտագործել: Հիմա պիտի 50 լարի էլ վճարեմ, որ հողամասն իմ անունով գրանցեմ », – ասում է Յուրա Խաչատրյանը:
Փոքր Սամսար գյուղում ապրում է 76 ընտանիք: Հակոբ Ավագյանը կարծում է, որ տարբեր որակի հողերի համար պետք է վճարել տարբեր գներ:
«Իմ հողամասերը յուրաքանչյուրը 5 հար է, յուրաքանչյուրի համար 50 լարի (խմբ. օդալուսանկարահանման համար)պիտի տամ, ինձ հարկավոր է 750 լարի: Իսկ այդ հողակտորներում բերքատվությունը շատ ցածր է, թեպետ մենք նորմալ ենք մշակում: Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող վաճառել բերքը: Հողերի մեջ կա տարբերություն, պետք է գրանցման մեջ էլ լինի: Սևահողը պետք է գրանցվի այլ գնով, ավազահողը և քարքարոտ հողերը` այլ գնով», – ասում է Հակոբ Ավագյանը:
Սևակ Աբգարյանը կարծում է, որ սոցիալական պայմանները պետք է նորմալ լինեն, որպեսզի մարդիկ էլ հետաքրքրված լիեն իրենց հողերի գրանցումով:
Օլեգ Հարությունյանը հույս ունի, որ իրենց գյուղի համար կլինեն արտոնություններ:
«Նրանք չէ որ գիտեն, թե ինչպիսի հող է մեր գյուղում, ինչ ծանր պայմաններում ենք ապրում, կարող են մեզ ինչ-որ արտոնություն տալ», – ասում է Օլեգ Հարությունյանը:
Նշենք, որ ավելի քան երկու տարի է պետությունը սուբսիդավորում է հողերի գրանցումը: Եթե հիմա, օրինակ, մեկ հողատարածքը գրանցելիս մարդիկ 50 լարի են վճարում օդալուսանկարահանան համար, ապա սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո 50 լարի էլ պետք է վճարեն գրանցման համար:
Հայկարամ Պապոյանը գրանցել է իր հողամասերը:
«Ես գրանցել եմ հողամասերս, մնացել է տունս », – ասում է նա:
Սամվել Խաչարյանը հանձնել է փաստաթղթերը և սպասում է պատասխանի՝ արտոնությունների հույսով:
Քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Ավագ Արեւյանն ասում է, որ առանձին գյուղերի համար հավելյալ արտոնություններ նախատեսված չեն:
«Ոչ միայն Սամսարում, այլև տարբեր տեղերում՝ Կաջոյում, Մերենիայում, նույն իրավիճակն է: Սա ընդհանուր օրենք է ամբողջ Վրաստանի համար, և ոչ ոք այն չի փոխի հատուկ Ախալքալաքի համար, եթե փոխեն, ապա պետության մասշտաբով, սակայն, այդպիսի խոսակցություն չկա: Գրանցման համար գոյություն ունեցող արտոնությունը ևս, որը կազմում է 50 լարի, կարող են դադարեցնել, և գյուղացիները պիտի վճարեն նաև գրանցման համար », – ասում է Ավագ Արևյանը:
Հավելենք, որ յուրաքանչյուր ընտանիք կարող է գրանցել միայն ոչ ավելի, քան 1 հա 25 հար հողատարածք, որը հատկացվել է հողային բարեփոխումների ընթացքում:
Ինչ պետք է անել հողատարածքը գրանցելու համար
Հողերի գրանցումն Ախալքալաքում և ընթացքում ծագող խնդիրները