Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է ոռոգման սեզոնը, սակայն հողագործները կանգնած են խնդրի առաջ, ոռոգման համակարգերը ընդհանրապես չեն աշխատում, կամ չեն աշխատում բավարար հզորությամբ, դաշտերի նորմալ ոռոգումն ապահովելու համար: Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Խանդո և Տուրցխ գյուղերի բնակիչները հանդիպեցին Վրաստանի Միավորված մելիորացիոն համակարգերի ընկերության Սամցխե-Ջավախքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի հետ:
Խանդո և Տուրցխ գյուղերի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում ոռոգել իրենց կարտոֆիլի դաշտերը: Այսօր Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ այս գյուղերի ակտիվը հանդիպեց Սամցխե-Ջավախքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի հետ:
Տուրցխ գյուղի բնակիչները բողոքում էին, որ Սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն վերահսկում ոռոգման համակարգի գիծը, որպեսզի մյուսները ջուրը «չգողանան», ինչպես նաև Սպասարկման կենտրոնը չի վերահսկում ջրագծերի վերականգնման աշխատանքները: Ջրագծերը վերանորոգվել են անորակ, այդ պատճառով ջուրը հոսում է հողի մեջ և չի հասնում հասցեատերերին:
«Սպասարկման կենտրոնի աշխատակիցների վատ աշխատելու պատճառով ջուրը մեզ չի հասնում, պլիտաները կոտրված են, չեն վերանորոգվում, չեն վերահսկվում կամ ավելացվում: Նրանց պատճառով մենք ենք տուժում, իսկ մենք վճարում ենք նրանց», – ասում է Տուրցխ գյուղի բնակիչ Էդուարդ Էլիազյանը:
Խանդո գյուղի խնդիրն այն է, որ ջուրը չի հասնում իրենց, նրանք կարծում են, որ ոռոգման Զակի ջրագծի համակարգը չի միացվում, կամ եթե միացվում է, ապա Բարալեթ և Կաջո գյուղերի բնակիչները չեն թողնում, որ ջուրն իրենց հասնի: Կամ նրանք են ոռոգում, կամ ջուրն անտեղի հոսում է դաշտերով, կամ թափվում է գետը: Պատճառն այն է, որ ոչ ոք չի վերահսկում համակարգը:
«Ոռոգումը միշտ էլ խնդիր է եղել մեզ մոտ: Այս ընկերությունը համակարգերն իր ձեռքը վերցնելուց հետո մեզ մոտ ոռոգման խնդիրներ առաջացան: Մենք անասունների համար ջուր չունենք, էլ ինչ խոսենք ոռոգման մասին: Մեզ հարկավոր է, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի: Պոմպակայանները չեն աշխատում, ջուրը չի հոսում ջրամբարները և մենք չենք կարող ոռոգել: Պոմպով 1 հա դաշտի ոռոգման համար մենք վճարում ենք 100 լարի, իսկ ջրամբարից` 1 հա դիմաց 70 լարի: Բայց փաստն այն է, որ ջուր չկա », – դժգոհում է Խանդո գյուղի բնակիչ Վաղարշակ Դուրգարյանը:
Խանդո գյուղի բնակիչները դժգոհ են այդ կազմակերպության աշխատանքից, որ իրենք չեն օգտվում ոչ միայն ոռոգման Զակի ջրագծի համակարգից, այլ նաև երկու ջրամբարներից, որոնք ժամանակին չեն լցվում Սպասարկման կենտրոնի կողմից:
Խանդո գյուղի բնակիչներն առաջարկեցին, որ Սպասարկման կենտրոնը թույլ տա իրենց միացնել Արագվա գյուղի պոմպը: Սամցխե-Ջավախքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեն պատասխանեց, որ ինքն իրավունք չունի թույլտվություն տալ, դա իր իրավասության մեջ չէ, անհրաժեշտ է դիմել նախարարությանը:
Վլադիմիր Խմալաձեն Խանդոյի բնակիչներին խոստացավ, որ շաբաթ օրը` հուլիսի 31 -ին ջուր կստանան: Տուրցխ գյուղի բնակիչներին կոնկրետ ոչինչ չխոստացավ, բայց ասաց, որ ինքը կհետևի, որպեսզի աշխատողները կատարեն իրենց աշխատանքը:
«Պետք է նախօրոք մտածել համակարգերի աշխատանքի մասին, այլ ոչ թե այն ժամանակ, երբ սեզոնն արդեն մոտենում է: Անհրաժեշտ է ժամանակին ջրամբարները ջրով լցնել, ժամանակին ջրագծերը վերականգնել: Եթե արհեստական լճերում ջուր լինի, բնակիչները կսկսեն ոռոգել այդ ջրով, քանի դեռ վերին գյուղերի բնակիչները օգտվում են համակարգից: Կարծում եմ, նախարարությունն այնքան էլ լավ չի պլանավորում: Մենք խնդրում ենք, եթե գալիս են, թող հրավիրեն տեղական իշխանությունների ներկայացուցիչներինին, որպեսզի նրանք իմանան, թե ինչու ենք մենք բողոքում: Բողոքում ենք, բայց ոչ մի հարց չի լուծվում: Մենք նույնիսկ նրանց առաջարկել ենք այս գործում ներգրավել գյուղի լիազորներին », – ասաց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է ոռոգման 7 համակարգ.
1. Լոմատուրցխի ոռոգման համակարգը (ինքնահոս)՝ սպասարկում է Ալաթուման, Կաջո, Ղադոլար, Լոմատուրցխ, Տուրցխ, Կոթելիա, Խանդո գյուղերը,
2. Կոթելիայի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Կոթելիա գյուղին և միանում է Լոմատուրցխի համակարգին,
3. Զակի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Զակ, Կոթելիա, Արագվա, Օրջա, Խանդո գյուղերը և միանում է Լոմատուրցխի ոռոգման համակարգին,
4. Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգը (մեխանիկական և ինքնահոս)` սպասարկում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղին, Խոսպիոյին, Մուրջախեթին, Վաչիանին, Չամդուրային, Կիրովականին, Կուլիկամին և Կարտիկամին,
5. Հոկամի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Հոկամ, Քարսեփ, Գոգաշեն, Ափնյա գյուղերը,
6. Դիլիսկա – Պտնա – Չունչխայի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Դիլիսկա, Պտնա, Չունչխա գյուղերին,
7. Զրեսի ոռոգման համակարգը (մեխանիկական)՝ սպասարկում է Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Գումբուրդո, Վաչիան գյուղերին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն մտադիր է նամակով դիմել Գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի Խանդո գյուղի բնակիչներին թույլ տան օգտվել Արագվա գյուղի պոմպից, այսինքն` այս ջուրը տանեն Սպասարկման կենտրոնի ջրագծերով: Արագվա գյուղի պոմպը հաշվառված է մունիցիպալիտետում: