Մեկնարկել է Վրաստանի կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների սեփականատերերի խթանում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում 0,25 հեկտարից մինչև 10 հա հողատարածք գրանցած ֆերմերները պետությունից սուբսիդավորում կստանան՝ պարարտանյութերի և խնամքի միջոցների ձեռքբերման, ինչպես նաև հերկման ծախսերի համար: Մայիսի 20-ից ֆերմերներն արդեն կարող են բացել ագրո-քարտեր, որտեղ նրանց սուբսիդավորման միավորներ են փոխանցում, բայց Ախալքալաքում երեկ չկային մարդիկ, ովքեր ցանկանում էին բացել այդ քարտերը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ բոլորն են տեղեկացված, որ ֆերմերներին հատուկ գյուղատնտեսական քարտերի տրամադրումն արդեն սկսվել է, և, որ նրանք պետք է դիմեն «Liberty Bank»:

Ֆերմերները պետք է բացեն ագրո-քարտեր «Liberty Bank»-ում

Մայիսի 20-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Jnews-ի լրագրողները «Լիբերթի բանկում» էին՝ հետևելու, թե քանի ֆերմեր է գալու ագրո-քարտերը բացելու:

Բանկի դիմաց հավաքված մարդիկ հիմնականում ֆերմերներ չէին և եկել էին տարբեր ծառայություններ ստանալու նպատակով: Ոչ բոլորը գիտեին գյուղատնտեսության աջակցության ծրագրի մասին: Մեր կողմից հարցված շուրջ 15 մարդկանցից միայն մեկն էր տեղյակ ծրագրի մասին:

Ֆերմերները, ովքեր ունեն գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք, պետք է դիմեն «Liberty Bank»-ի ցանկացած մասնաճյուղ, որտեղ նրանց անվճար կբացեն ագրո-քարտ, որի վրա կստանան միավորներ՝ Վրաստանի կառավարության հակաճգնաժամային գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում: Տեղեկանալ, թե երբ է հնարավոր ստանալ ագրո-քարտը-կարելի է՝ myliberty.ge կայքում:

1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:

«Այո, ես լսել եմ այդ մասին, բայց ես այլ խնդիր ունեմ, իմ հողամասերը պաշտոնապես գրանցված չեն, ուստի ես չեմ կարող օգտվել», – ասաց Սամվելը:

Պետք է նշել, որ եթե անձն ունի հողամաս, բայց չունի պետական գրանցում Հանրային ռեեստրում, ապա նա կարող է մասնակցել ծրագրին և պետական սուբսիդիաները ստանալ հաջորդ ամիս` իր հողամասը գրանցելուց հետո:

Քանի որ գյուղացիական տնտեսություններին աջակցության այս ծրագրի մասին շատ ֆերմերներ տեղյակ չէին, մենք որոշեցինք պարզել, թե արդյո՞ք քաղաքապետի ներկայացուցիչները գյուղերում տեղյակ են եղել այս մասին:

Ըստ Կարտիկամ գյուղի լիազոր Շալո Էլիզբարյանի, նա վերջերս է եղել քաղաքապետարանում և տեղեկացված է ծրագրի մասին:

«Այո, ինձ տեղեկացրել են օգնության մասին, մի քանի գյուղացիներ արդեն ինձ հարցրել են այդ մասին, և ես նրանց բացատրել եմ», – ասում է Շալո Էլիզբարյանը:

Ծրագրի մասին լսել էր նաև Կարտիկամ գյուղի բնակիչ Լավրենտի Սահարյանը, բայց նա չգիտեր, որ այն մեկնարկում է մայիսի 20-ից:

«Լսել էի օգնության մասին, բայց չգիտեի, որ այսօրվանից արդեն հնարավոր է դիմել համապատասխան կազմակերպություն», – ասում է նա:

Ըստ Աբուլի լիազոր Սամվել Կարախրխզյանի, իրենց գյուղում էլ են գրանցված հողերը քիչ, հետևաբար ոչ բոլորն են կարող օգտվել այս ծրագրից:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մեծամասնությունը նույն խնդիրն ունի, մարդիկ չեն կարող գրանցել իրենց հողամասերը:

Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրանցված հողամասեր ունեցող ֆերմերային տնտեսությունները: Հենց հողի գրանցումն է հանդիսանում օգնություն ցուցաբերելու հիմնական նախադրյալը:

Ծրագրի անմիջական շահառուները, որոնք կստանան սուբսիդիաներ, կլինեն մոտ 200 000 ֆերմերներ:

Սույն ծրագրի շրջանակներում ֆերմերները կարող են նաև ստանալ դիզելային վառելիքի զեղչի կտրոններ:

Որտեղ և ինչպես Ախալքալաքում ֆերմերները կարող են զեղչով վառելիքի կտրոն ստանալ