Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելու հարցը տարիներ է քննարկվում է, որի պահանջարկը մեծ է: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներն Ախալքալաքից և Նինոծմինդայից շաբաթական երկու կամ երեք անգամ ստիպված հասնում են Ախալցիխե հեմոդիալիզ կատարելու համար:
Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային, հարցի շուրջ զրուցել՝ թե Ախալքալաքի հոսպիտալի մենեջերի, թե նախկին քաղաքապետի և գործող քաղաքապետի հետ, բոլորը պատասխանում են՝ հարցը քննարկվում է: Կարծես, թե հարցը վերջնական որոշված էր, որ հեմոդիալիզի կենտրոնը պետք է բացվեր ներկայիս շտապօգնության շենքում, որի համար էլ պետք է նոր շենք կառուցվեր: Նույնիսկ հիվանդանոցի դիմացը տարածք գտնվեց, որը տրամադրվեց շտապօգնության ծառայության նոր շենքի կառուցմանը, սակայն այդպես էլ այդ նախագիծը կյանքի չկոչվեց։ Այնուհետև որոշվեց դիալիզի կենտրոնը բացել Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկում, որը դեռ 2019 թվականին էր քննարկվում, այնտեղ նույնպես չբացվեց:
2022 թվականի տարեվերջ ավելի ակտիվ սկսվեց հեմոդիալիզի կենտրոն բացելու հարցի շուրջ քննարկումները: Ալեքսան Թորոյանը հարցը սկսեց քննարկել Էվեքս կլինիկայի տնօրինության հետ, հենց կլինիկայում կենտրոն բացելու մասին: Հիմա ընթանում են բանակցություններ, վերջնական նախագծի և ֆինանասավորման հարցերի վերաբերյալ:
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Թորոյանի հետ քննարկել են հարցը և ընդհանուր նախագիծն արդեն պատրաստ է:
«Այսօրվա տվյալներով մոտ 700 000 լարի արժողությամբ նախագիծ է, որն էլ Էվեքս ընկերությունը պատրաստվում է մեծ մասը ֆինանսավորել, իսկ մնացած մասով մենք ընդհանուր աշխատում ենք: Խնդրել ենք Առողջապահության նախարարությանը որպեսզի իրենք էլ իրենց լուման ներդնեն, այսինքն՝ էվեքս ընկերության հետ ընդհանուր որոշում կայացվի: Եթե նախարարությունից պատասխանը բացասական եկավ, ապա այդ դեպքում կորոշենք, թե ի՞նչ անել մեր ուժերով», – ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը
Հեմոդիալիզ ընդունողների դժվար ճանապարհը
Հեմոդիալիզի կենտրոնի բացումը կախված է շտապ օգնության նոր շենքի կառուցումից
Ախալքալաքում շտապ օգնության շենքի կառուցման հարցն անորոշ է
Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկը կվերակառուցվի, որպես դիալիզի կենտրոն