Ախալքալաքը նախկին թիվ 1 զինվորական ավանի հետ կապող կամուրջը երկար ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում։ Կամուրջի առանձին հատվածներում վնասված են սանդուղքները, դժվարանցանելի են մանկասայլակների համար նախատեսված անցումները, իսկ երկաթե հատվածները որոշ տեղերում թուլացել և շարժվում են։ Բնակիչները բարձրաձայնում են խնդրի մասին՝ նշելով, որ կամուրջը վերանորոգման կարիք ունի, սակայն մինչ այժմ անհրաժեշտ ուշադրության չի արժանացել։
Նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչների համար այս կամուրջը քաղաքի հետ կապող կարևոր անցուղի է։ Ամեն օր այստեղով անցնում են մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և մանկասայլակներով ծնողներ։ Բնակիչների խոսքով՝ ամենախնդրահարույց հատվածներից մեկը մանկասայլակների անցման համար նախատեսված հատվածներն են։
Գարադոկի բնակիչ Արտակ Դեմուրճյանը Jnews-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ երկար ժամանակ է կամուրջը վերանորոգման կարիք ունի, սակայն ուշադրության չի արժանանում քաղաքապետարանի կողմից։
«Ինքներդ կարող եք տեսնել, կամրջի սանդուղքները վերանորոգման կարիք ունեն։ Որոշ աստիճաններ քանդված են, իսկ երկաթե ծածկույթը տեղ-տեղ թուլացած է, և շարժվում է։ Երեխաների մանկասալյակները անհնար է անցկացնել, ես ինքս բազմիցս օգնել եմ մայրիկներին, պատկերացրեք սահմանափակ կարողություններով մարդկանց վիճակը։ Ամենացավալի փաստն այն է, որ այս վիճակում այստեղով մոփեդներ են անցնում, ինչն էլ ավելի է վատթարացնում կամրջի վիճակը։ Վերահսկողություն չկա», — իր բողոքն արտահայտեց Արտակ Դեմուրճյանը։
«Կամուրջն ամեն օր օգտագործում են մարդիկ։ Այն քաղաքի և գարադոկի միջև կապող ճանապարհ է, ուստի կարծում ենք, որ դրա վիճակը պետք է ուշադրության արժանանա։ Եթե հիմա այն այս վիճակում է, ձմռանը, երբ սառնամանիք, ձյուն և սառույց կլինի, վիճակը կարող է ավելի վատանալ»,– նշեց Արտակ Դեմուրճյանը։
Այս խնդրի մասին Jnews-ը զրուցեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանի հետ։
«Կամուրջի խնդրի մասին, իրականում, տեղյակ ենք։ Լայնամասշտաբ վերանորոգման ծրագիր դեռևս չունենք, սակայն թեթև վերանորոգման աշխատանքներ անպայման կանենք։ Մոտ օրերս կզբաղվենք այս հարցով»,- ասաց Արա Մովսեսյանը։






