նորություններ 17 Սեպտեմբերի, 2026 • Արթուր Թերջանյանի ցմահ ազատազրկման դատավճիռը մնացել է անփոփոխ

Ղրիմի կամրջի պայթեցման «գործով» ութ մեղադրյալները, այդ թվում՝ Ախալքալաքից Արթուր Թերջանյանը, շարունակելու են կրել ցմահ ազատազրկման պատիժը։ Ռազմական վերաքննիչ դատարանը 2022 թվականին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով ութ մեղադրյալների նկատմամբ սահմանված ցմահ ազատազրկման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին, դատարանի տվյալներին հղում կատարելով, գրում է РИА Новости-ն, տեղեկացնում է ռուսական «РИА Новости Крым» գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ավտոմոբիլային ճանապարհի մի հատված փլուզվել է ջուրը, իսկ վառելիքով մի քանի ցիստեռն այրվել է։ Ռուսական ուժային կառույցների պաշտոնական վարկածի համաձայն՝ պայթյունն իբր իրականացրել է ութ հոգուց բաղկացած կազմակերպված խումբ։ «Գործով» մեղադրյալներին մեղադրել են «ահաբեկչական ակտի», «պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության» և «պայթուցիկ նյութերի մաքսանենգության» մեջ։

«Գործով» անցնում են Արտյոմ Ազատյանն ու Գեորգին (Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից), Օլեգ Անտիպովը (Սանկտ Պետերբուրգ), Ալեքսանդր Բիլինը (Ստարի Օսկոլ), Վլադիմիր Զլոբը (Ակմեսջիտ), Ռոման Սոլոմկոն (Խերսոն), Արթուր Թերջանյանը (Ախալքալաք, Վրաստան, սակայն գործով ներկայացվում է որպես ՀՀ քաղաքացի) և Դմիտրի Տյաժելիխը (Լիպեցկ)։

2025 թվականի նոյեմբերին Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող Հարավային շրջանի ռազմական դատարանը «գործով» բոլոր ութ մեղադրյալներին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ բավարարելով ռուսական դատախազի պահանջը։

Ռուսական կողմի տվյալներով՝ շինարարական պոլիէթիլենային ժապավենով փաթաթված արկերը իբր Օդեսայից ուղարկվել են Բուլղարիա, այնտեղից՝ Վրաստանի Փոթի քաղաք։ Փոթիից բեռը ցամաքային ճանապարհով հասել է Հայաստան, որտեղ անցել է մաքսային ձևակերպում, ապա ցամաքային ճանապարհով տեղափոխվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք։ Այնտեղ բեռը բեռնաթափվել է պահեստում, այնուհետև բեռնվել մեկ այլ բեռնատարի վրա, որը պայթել է Ղրիմի կամրջի վրա։

Բեռնատարը Փոթիի վրացական նավահանգստից մինչև Արմավիր վարել է Արթուր Թերջանյանը՝ Հայաստանի քաղաքացի, որը կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Ախալքալաքում։ Վրացական կազմակերպությունը, որի հետ համագործակցել է Թերջանյանը, պատվերը ստացել է Viber-ի միջոցով՝ բեռնափոխադրումներով զբաղվող խմբերից մեկում, ինչը Վրաստանում բավականին տարածված պրակտիկա է։

Ռուսական կողմը Թերջանյանին դատապարտել է «հանցավոր խմբի մյուս անդամների հետ համաձայնության գալու և պայթուցիկ նյութեր տեղափոխելու» համար։ Նրա փաստաբանը հերքում է մեղադրանքը և նշում, որ վարորդը պարզապես կատարել է իր սովորական աշխատանքը՝ բեռը A կետից B կետ տեղափոխելով։ Փաստաբանի խոսքով՝ Թերջանյանի փոխարեն այդ վայրում կարող էր լինել ցանկացած այլ վարորդ։

Փաստաբաններին նաև զարմացնում է այն հանգամանքը, որ պայթուցիկ նյութերը կարող էին անցնել երեք երկրների՝ Բուլղարիայի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով՝ չհայտնաբերվելով մաքսային ծառայությունների կողմից։ Այս երեք երկրները պնդում են, որ բեռներն անցել են բոլոր անհրաժեշտ մաքսային ընթացակարգերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝