Ախալքալաքի Միկոյան փողոցի բնակիչները Jnews-ին դիմել են կոյուղու բաց դիտահորի խնդրով։ Ավելի քան մեկ ամիս է՝ այն վտանգ է ներկայացնում մեքենաների, երեխաների և պարզապես փողոցով անցնող բնակիչների համար։
Ախալքալաքի կենտրոնում՝ գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ գտնվող Միկոյան փողոցում, ինտենսիվ երթևեկությունն ու կայանված մեքենաները դժվարացնում են տեղաշարժը։ Բնակիչներին անհանգստացնում է նաև փողոցի վիճակը․ ստորգետնյա աշխատանքներից հետո բազմաթիվ հատվածներ չեն վերականգնվել, իսկ բաց կոյուղու դիտահորն ավելի քան մեկ ամիս է՝ լցված է ջրով՝ վտանգ ստեղծելով հատկապես երեխաների համար։
«Երեխաներն անցնում են այս կոյուղու դիտահորի կողքով, նայում ներս։ Այն խորն է և լցված ջրով։ Շատ վտանգավոր է։ Մշտապես վախենում ենք, որ ինչ-որ մեկը կընկնի մեջը։ Այստեղ նաև շատ մեքենաներ են վնասվել․ ճանապարհը նեղ է, իսկ դիտահորը բաց է, մեքենաներն ընկնում են դրա մեջ և վնասվում», — ասում է փողոցի բնակիչ Սամվել Սեխլյանը։
Բնակիչների խոսքերով՝ մեկ տարի առաջ նրանք դիտահորը բետոնապատել էին՝ մշտական վնասումներից և փլուզումներից խուսափելու և այն ավելի ամուր դարձնելու համար։ Սակայն ավելի քան մեկ ամիս առաջ դիտահորի կափարիչն անհետացել է, և այն բաց է մնացել՝ լցվելով ջրով։
«Վախենում ենք, որ ինչ-որ մեկը կընկնի։ Երեկ երեկոյան բարեբախտաբար դրսում էինք։ Տարեց հարևանուհին անցնում էր, և մենք հազիվ հասցրինք նրան փրկել դիտահորի մեջ ընկնելուց», — ասում է Վլադիմիր Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ բնակիչները դիմել են քաղաքապետարան՝ խնդիրը լուծելու հարցում օգնություն ստանալու համար։ Բացի կոյուղու դիտահորից, Միկոյան փողոցի այս հատվածի բնակիչներին արդեն տարիներ շարունակ անհանգստացնում են նաև ճանապարհի եզրով հոսող բաց առուները։ Դրանք փակված չեն, և դրանց մեջ մշտապես ընկնում են ինչպես մեքենաներ, այնպես էլ մարդիկ։
«Հատկապես ձմռանն ամեն օր այս առուներից դուրս ենք հանում այնտեղ ընկած մեքենաները։ Մեքենաները կայանում են տների մոտ և ընկնում առուների մեջ։ Անցյալ տարի մեր հարևանուհին ընկավ առվակի մեջ և կոտրեց ձեռքը։ Դրանք պետք է կամ փակել մետաղական ցանցերով, կամ ամբողջությամբ բետոնապատել», — ասում է Վլադիմիր Ծառուկյանը։
Կոյուղու դիտահորերի սպասարկմամբ զբաղվում է «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը»։ Jnews-ը բազմիցս դիմել է ընկերությանը՝ դիտահորերի վիճակի վերաբերյալ հարցերով։ Վերջին անգամ Jnews-ը պաշտոնական տեղեկատվության հարցում էր ուղարկել օգոստոսին՝ բարձրացնելով բաց դիտահորերի խնդիրը և նշելով մի քանի նման դեպքերի հասցեներ։ Որոշ ժամանակ անց ընկերությունից պատասխանել էին, որ դիտահորերը փակվել են։ Իրականում հարցման մեջ նշված վայրերում խնդիրները վերացվել էին, սակայն մյուս դիտահորերը մնացել էին անփոփոխ։ Հավանաբար, դրանց թվում է նաև Միկոյան փողոցի դիտահորը։
Jnews-ը «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունում» արձանագրել է կոյուղու դիտահորի կափարիչի բացակայության փաստը։ Ընկերությունում գրանցել են խնդիրը և խոստացել կարճ ժամկետում վերացնել այն։





