Դեռ 2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգման, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագծի իրականացման համար կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները, այդ թվում՝ Ախալքալաքը։ Ախալքալաքում պետք է կառուցվեր նոր շենք, սակայն 4 տարի է հետաձգվում է։
Սկզբնական շրջանում Ախալքալաքում շտապ օգնության շենքի կառուցման համար տարածք չէր գտնվում, հիմա այդ խնդիրը լուծված է։ Շտապ օգնության նոր կենտրոնը կկառուցվի հիվանդանոցի դիմաց, անհրաժեշտ հողատարածքն արդեն հատկացված է։
Իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ շտապ օգնության շենքի շինարարության բոլոր փաստաթղթերն ուղարկել են նահանգապետարան և սպասում են պատասխանի։
«Մեզանից ինչ փաստաթուղթ, որ պահանջել են, մենք ամեն ինչ ուղարկել ենք։ Ամեն անգամ հանդիպումների ժամանակ նահանգապետարանում հարցը միշտ բարձրացնում եմ, ֆինանսավորման հարցն է: Սպասում ենք տենդրեներից կուտակված խնայողություններին, պետք է ֆինանսավորեին, բայց մինչ այսօր կոնկրետ պատասխան չեմ ստացել։ Մի շաբաթ առաջ նորից այդ հարցը բարձրացրել եմ, մարզպետին խնդրել եմ, նրանք նույնպես մեզ հետ պայքարում են։ Նրանք մեզ չէ չեն ասում, բացասական պատասխան էլ չեն տալիս, միայն ասում են՝ սպասեք, հարցը մոտ օրերես կկարգավորվի», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:
Քաղաքապետի խոսքով, եթե այս տարի գումարը հատկացնեն, մի մասով գործին ընթացք կտան։ Որպեսզի մյուս տարի գոնե ավարտին հասցնեն։ Դրա հետ մեկտեղ աշխատում են նաև հին շենքը հեմոդիալեզի կենտրոն բացելու ուղղությամբ։
Դեռ մայիս ամին Jnews-ը գրավոր դիմել է՝ թե առողջապահության նախարարությանը, թե շտապ օգնության կենտրոնին, սակայն մինչև հիմա պատասխան չենք ստացել: Այսօր ևս մեկ անգամ դիմեցինք, թե ինչո՞ւ մինչև հիմա Ախալքալաքում շտապ օգնության կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները չեն սկսվել, քանի որ նախագիծը դեռ 2019 թվականից կար։
Հարկ է նշել, որ շտապ օգնության նոր կենտրոնի շինարարությունը կֆինանսավորվի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից։
Ախալքալաքի շտապ օգնության շենքի կառուցման նախագիծը պատրաստ է