Ախալքալաքի և Նինոծմինդայի սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շարունակում են շաբաթը 3 օր մոտ 180 կմ անցնել, որպեսզի հեմոդիալիզ կատարեն: Ախալքալաքում դիալիզի կենտրոն բացելու հարցը դեռ մնում է առանց հստակ պատասխանի, հիվանդները ասում են, որ այդ կենտրոնը գոնե մի քիչ իրենց վիճակը կթեթևացնի:
Դեկտեմբերի կեսերին, այս ցրտին ու ձյանը, մի խումբ մարդիկ կանգնած Մշակույթի տան դիմաց սպասում են տրանսպորտին, որն էլ իրենց պետք է տանի Ախալցիխեի հիվանդանոց, որպեսզի դիալիզ կատարեն։
Տարբեր գյուղերից և շրջաններից հավաքված մարդիկ կանգնած տեղերում անընդհատ շարժվում են, որպեսզի ավելի չմրսեն։ Նրանցից ոմանք արդեն 12 տարի է դիալիզ են կատարում և շաբաթական երեք անգամ գնում են Ախալցիխե։ Նրանց մեջ կան այնպիսիները, ովքեր մի քանի տարի առաջ հեմոդիալիզ արել են քաղաք Մարնեուլում, Թբիլիսիում, Բորժոմիում, հիմա արդեն Ախալցիխեում։
Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի բնակիչ Հակոբ Չոփուրյանը ասում է. «Կյանքը անուշ բան է, սակայն տեսնելով երեխաներիս, մահս եմ ուզում»։
«Արդեն 12 տարի է դիալիզ եմ անում, արդեն տունը դատարկել եմ։ Երկու որդի ունեմ, ինձ համար են աշխատում, նրանք տարբեր մեքենաներ ունեին, ստիպված վաճառեցին, ինձ համար մի ջարդված 05 գնեցին, որպեսզի ինձ քաղաք բերեն տանեն», – ասաց Հակոբ Չոփուրյանը։
Հիվանդանոց ուղևորվող տրանսպորտին սպասող Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Զուռնաջյան Մնացականն էլ ասաց.
«Շաբաթական երեք անգամ գնում ենք, այս ցրտին կանգնում սպասում ենք, դիալիզից հետո տուն ենք հասնում գիշերվա 11-ին, մեռածի նման, ոչ ուտել ենք ուզում, ոչ խմել», – ասաց նա:
Հավաքվածներն ասում են, որ նրանց վիճակը կթեթևացնի միայն դիալիզի կենտրոնի Ախալքալաքում գտնվելը:
«Մենք 14 հոգի ենք, հիվանդանոցը մեզ տրանսպորտ է հատկացրել, որպեսզի գնանք գանք, սակայն հիմա վառելիքը թանկացել է և վարորդը հավելյալ փող է ուզում, մենք՝ հիվանդներս էլ ստիպված հավաքելու ենք այդ գումարը, որ տանք։ Գյուղից գալիս ենք՝ ծախս, այստեղից գնում ենք՝ ծախս։ Պետության տված 216 լարին հեչ բան է», – ասաց Գուգոյան Վլադիմիրը, ով Մերենիա գյուղի բնակիչ է։
Վլադիմիրն ասում է, որ ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել, քանի որ ֆիզիկապես թույլ է, նշելով ցույց է տալիս ձեռքը:
Նա գնացել է Քաղաքապետարան սոցիալական օգնության բաժին, որտեղ էլ նրան ասել են, որ տարեկան 1000 լարի տալիս են դեղորայքի համար։
«Ասացին նաև Ձեր դեղերը անվճար են, բայց մեզ ոչ մի բան էլ անվճար չեն տվել մինչև հիմա, մենք գնել ենք, ես ամսեկան 150-170 լարիի դեղ եմ գնում, լինում է դեպք, որ ավելի շատ ենք գնում», – ասաց Գուգոյան Վլադիմիրը։
Դիալիզից հետո հիվանդները թույլ են, նրանց պետք է հանգստանալ, սակայն Ջավախքի բնակիչները ուրիշ միջոց չունենալով, ստիպված թույլ և հոգնած, կտրելով այդքան ճանապարհ ետ են վերադառնում։ Հավաքվածները նշում են, որ դիալիզ անող մարդկանց օրական 20 կմ-ից ավել ճանապարհ չի կարելի գնալ, սակայն նրանք գյուղից քաղաք են հասնում, քաղաքից Ախալցիխե, ըստ իրենց հաշվարկի, կտրելով 180 կմ ճանապարհ։
«Եվ սա բուժում են համարում», – նշում են նրանք։
Այստեղի հիվանդներին Ախալցիխեում դիալիզի սարքերը միացնում են երրորդ հերթով:
«Առաջ միշտ ասում էին մեր ժողովրդի համար “ուկանա վագոնշի”, հիմա էլ այդպես է, ախալցիխեցիներին չկարողացան պահել ուշ ժամի, մենք էլ ուրիշ տարբերակ չունեինք, իրենց ասած ժամին ենք գնում», – ասաց Չոփուրյանը։
Դիալիզի հիվանդները նախընտրական շրջանում հանդիպել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին, նա խոստացել է զբաղվել այդ հարցով։ Այդ հանդիպումից հետո երկրորդը չի եղել, որպեսզի հիվանդները տեղեկանային, թե ինչ ընթացք է ունեցել խոստումը:
Ախալքալաքում դիալիզի կենտրոնի բացման խնդրանքով հավաքական նամակով նրանք դիմել են տարբեր ատյաններ: Վրաստանի աշխատանքի, առողջապահության, սոցիալական և օկուպացված տարածքներից փախստականների հարցերով Նախարարությունը պատասխանել է, որ նրանք աշխատում են, որ հիվանդները ստանան համապատախան բուժում, որ նախարարությունը չի զբաղվում շենքերի կառուցման հարցերով, չնայած որ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդները ծառայությունից ավելի լավ ու հարմարավետ ձևով օգտվեն։
Jnews-ը շատ անգամ է անդրադարձել այս թեմային։ Ախալքալաքի հիվանդանոցում սույն թվականի սեպտեմբեր ամսին պետք է հեմոդիալիզի կենտրոն բացվեր, որ սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները ստիպված չլինեին շաբաթը 3 անգամ գնալ այլ քաղաքներ այդ ծառայությունն ստանալու համար: Սակայն կենտրոնը չի բացվել, պատճառը Ախալքալաքի տեղական իշխանության, Առողջապահության նախարարության, Շտապ օգնության կենտրոնի և “Էվեքս” կլինիկայի համաձայնության չգալն է։ Սակայն ըստ Ախալքալաքի քաղաքաետ Յուրիկ Ունանյանի քաղաքապետարանը դիմում է պատրաստում պետությանը նոր հողատարածք ստանալու համար, որպեսզի շտապ օգնության համար նոր շենք կառուցվի, իսկ հինը լինի հեմոդիալեզի կենտրոն։ Նոր հողատարածքը գտնվում է ներկայիս շտապ օգնության շենքի դիմաց, 900 քմ տարածությամբ։ Դիմումը ներկայացնելուց և համապատասխան տարածքը ստանալուց հետո գարնանը կսկսեն նոր շենքի կառուցումը։
Գայանե Ակոջյան