Տարիներ շարունակ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների բնակիչները հեմոդիալիզ են անցնում Ախալցիխեում, ինչի պատճառով տեղափոխման դժվարություններ են ունենում, որը վատ է անդրադառնում նրանց առողջական վիճակի վրա: Այսօր նրանց միակ խնդրանքն է՝ հեմոդիալիզի կենտրոն բացել Ախալքալաքում։
Ախալքալաքից և Նինոծմինդայից մոտ 40 մարդ, ովքեր երիկամային անբավարարություն ունեն, շաբաթական երեք օր, օրական մեկ ու կես ժամ ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում են Ախալցիխե, այնուհետև դիալեզն անցնելուց հետո հետ վերադառնում:
«Հիվանդ, թույլ մարդիկ ենք, բայց ուզած-չուզած գնում ենք։ Մեր մոտ կարծես 100%-ոց դիետա լինի, ոչ մի բան չի կարելի ուտել, անգամ միրգ չենք կարող ուտել։ Գոնե այստեղ բացեն կենտրոն, նինոծմինդացիներն ու ախալքալաքցիներն այստեղ ընդունեն դիալիզ, մի քիչ թեթևանա վիճակներս։ Ճանապարհածախսը քչանա, բենզինը թանկացել է, գյուղերից ենք գալիս։ Տարեց մարդիկ ենք, չենք աշխատում, որտեղից այդքան գումար։ Եղել է ճանապարհին մեզանից վատացել են, բայց չենք կարողացել օգնություն ցույց տալ, քանի որ բոլորս էլ հիվանդ մարդիկ ենք», – ասում է դիալեզի գնացող մարդկանցից մեկը:
Մի տրանսպորտով Ախալքալաքից 13 հոգով են գնում, բայց այստեղից Ախալցիխեում դիալիզ ընդունողները մոտավոր 40-ն է։
Դիալիզ ընդունող անձանցից մեկը 4 տարի ու կես բուժում է ստացել Գերմանիայում։ Ասում է, այնտեղ ամեն ինչ անվճար է հիվանդների համար, նշանակություն չունի քաղաքացիություն ունի անձը, թե՝ ոչ։
«Գերմանիան համեմատել Վրաստանի հետ հնարավոր չէ՝ թե բժշկությունը, թե մաքրությունը։ Այնտեղ ամեն ամիս յուրաքանչյուր հիվանդի 400 եվրո փող են տալիս, դեղորայքն անվճար է: Սարերի տարբերություն կա։ Չորս տարի ու կես մնացի այնտեղ։ Այնտեղի բժշկական սարքավորումները երկու սերունդ բարձր են, այստեղի հետ համեմետած։ Գիտեի, որ դժվար է լինելու այստեղ, բայց չէի կարող մնալ, երեխաներիս, թոռներիս կարոտել էի, էլ չէի դիմանում», – ասում է նա։
Նա ավելացնում է՝ մինչև Ախալցիխեից հետ է գալիս, ճանապարհին այնքան է հոգնում, որ ճնշումը մինչև 240 է բարձրանում:
«Եվրոպայում 10 կմ-ից ավելի չեն թողնում քայլել, հետո էլ այնպիսի հարմարավետ մեքենաներով են տանում հիվանդանոց, որ չես էլ կարող հոգնել», – հավելում է Եվրոպայում դիալեզ ընդունած անձը, ով հիմա Ախալցիխեում է ընդունում:
Այստեղ դիալիզն անվճար է, բայց դեղորայքը վճարովի է։ Ախալցիխե հասնելու համար ամսական վճարում են 40 լարի, ճանապարհածախսի մնացած մասն էլ հիվանդանոցն է փակում։
«Ես Դիլիֆից եմ բերում հայրիկիս, որ այստեղից գնա Ախալցիխե, 20 լարիի բենզին լցնում գալիս եմ, հետո 20 լարիի նորից լցնում եմ, որ տուն տանեմ, մի շաբաթվա մեջ 120 լարի եմ ծախսում, մի ամսում՝ 500 լարի, որպեսզի հայրիկս կարողանա դիալեզի գնա։ Մեր բոլորի խնդրանքն է, Ախալքալաքում կենտրոն բացել», – ասում է Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի բնակիչներից մեկը։
Ինչպես իրենք ասացին, մոտ 10 օր առաջ, դիալեզի գնացող անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անգամ շտապ օգնություն են կանչել։
Արդեն 15 տարի հեմոդիալիզի հաճախող մարդիկ դեռ հույսները չեն կորցրել, որ այլևս Ախալցիխե չեն հասնի իրենց առողջության համար։ Նրանք մի քաղաքից մյուսն են տեղափոխվել, որպեսզի ապրեն։
Հեմոդիալիզի գնացող անձանց խնդրանք-պահանջը մեկն է՝ Ախալքալաքում բացել դիալիզի կենտրոն։
Հարկ է նշել, որ երկարատև քննարկումներից հետո որոշվել էր Ախալքալաքի հիվանդանոցի դիմացի տարածքը տրամադրել շտապ օգնության ծառայության նոր շենքի կառուցմանը, իսկ շտապ օգնության ներկայիս շենքը Հեմոդիալեզի կենտրոնի վերածել: Թե ինչ ընթացքի մեջ է հեմոդիալեզի կենտրոնի բացումը, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում։
Գայանե Ակոջյան