Պետական նշանակության մայրուղու ծածկույթի վիճակի վերաբերյալ բնակիչների բողոքին ի պատասխան, պատասխանատուները խոստանում են, որ վերականգնումը նախատեսվում է մոտ ապագայում: Սակայն, թե երբ և ավտոճանապարհի, որ մասն են մտադիր վերանորոգել, նրանք դժվարանում են պատասխանել:
Ախալքալաքցիները բողոքում են, որ Ջավախեթյան փողոցը գտնվում է անմխիթար վիճակում: Խորը և լայն փոսերը սկսվում են փողոցի հենց սկզբից և շարունակվում ամբողջ երկյանքով:
Վերջերս, բնակիչների բողոքների արդյունքում, փոսերը հարթեցվել էին՝ լցվել էր մանրաքար, բայց սա էլ ավելի մեծ դժգոհություն էր առաջացրել այս փողոցում ապրող մարդկանց շրջանում:
Նախ և առաջ, մանրաքարը 2-3 օրվա ընթացքում ցաքուցրիվ է եղել հալված ձյան ջրերից: Եվ երկրորդը, բնակիչները բողոքում են, որ երբ մեքենաները մեծ արագությամբ անցնում են փողոցով՝ խճաքարերն անընդհատ դիպչում են տների մոտ կայանված մեքենաներին կամ տների պատուհաններին:
Ոչ միայն Ջավախեթյան փողոցի բնակիչներն են բողոքում ճանապարհի անմխիթար վիճակից, այլև առհասարակ վարորդները, քանի որ ամեն օր այդ փողոցով են երթևեկում բեռնատարները:
Այս փողոցում ավտոմեքենաները հաճախ անցնում են հանդիպակաց գոտի՝ փոսերը շրջանցելու նպատակով, մինչդեռ արտակարգ իրավիճակ են ստեղծում:
Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու մաս է կազմում: Փողոցն սպասարկում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, իսկ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունն իրականացնում է մաքրման, նորոգման աշխատանքներ:
«Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի խոսքով, այս հատվածը վերականգնելու տենդերը դեռ չի հայտարարվել, բայց վերականգնումը կլինի շուտով:
«Քանի որ վերականգնման տենդերը դեռ չի հայտարարվել, Ջավախեթյան փողոցի բնակիչների խնդրանքով մենք ժամանակավորապես փոսերը լցրեցինք մանրաքարով», – ասում է նա:
Ըստ նրա, վերականգնման համար տենդերը պետք է հայտարարվի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից:
Ճանապարհային դեպարտամենտից, 2-3 օրվա անդադար զանգերից հետո մեզ հաջողվեց պարզել, որ այս տարի նրանց կողմից անպայման կկատարվի վերականգնումը: Այնուամենայնիվ, ճշգրտորեն երբ և որ մայրուղու, որ հատվածը կվերականգնվի, Ճանապարհային դեպարտամենտի տենդերային բաժնի աշխատակիցները չկարողացան ասել, իսկ վերականգնողական բաժանմունքի աշխատակիցները 3 օրվա ընթացքում չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: