Ջավախեթյան փողոցում առաջիկա օրերին կավարտվեն կոյուղու և ջրագծի համակարգի նորոգման աշխատանքները։ Սակայն, ինչպես պարզվեց, փողոցի ասֆալտապատումը ոչ թե հին ծրագրի շրջանակներում կավարտվի, այլ կծրագրվի նորը։
Ջավախեթյան փողոցի վերականգնումն արդիական է արդեն ավելի քան 5 տարի: Ախալքալաք-Ախալցիխե կենտրոնական մայրուղու այս հատվածը ծրագրվում էր վերանորոգել 2020 թվականին սկսված նախագծի շրջանակներում։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը 6,638,460 լարիի չափով էլեկտրոնային տենդեր է անցկացրել Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածի վերականգնման համար՝ «Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Թավիսուփլեբա-Դարբինյան խաչմերուկ, այսպես կոչված՝ «վստրեչա»: Տենդերը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերությունը՝ 5,744,000.00 լարիի չափով։ Սակայն վերականգնողական աշխատանքների ավարտին, երբ հասան Ջավախեթյան փողոց, վերականգնվող տարածքի վերջին հատվածը, պարզվեց, որ այս փողոցում կոյուղի չկա, և ջրամատակարարման համակարգը փոխելու անհրաժեշտություն կա։ Որոշվել է հետաձգել այս հատվածի ասֆալտապատումը և վերսկսել կոյուղագծի և նոր ջրամատակարարման համակարգի անցկացումից հետո։
Ջավախեթյան փողոցում ստորգետնյա և ջրային հաղորդակցությամբ սկսել է զբաղվել «Մշենեբլոբա» ընկերությունը, որը էլեկտրոնային տենդերը շահել է 603 700,00 լարիով: Պայմանագրով աշխատանքները պետք է ավարտվեին ձմռանը, սակայն Ջավախքի խիստ ձմռան պատճառով դրանք հետաձգվել են։ Պայմանագիրը ստորագրելիս այս գործոնը հաշվի չի առնվել։ Ախալքալաքում ձմեռը շարունակվել է մինչև մայիսի կեսերը շարունակվել է ձյան առատ տեղումներով։ Ապրիլի 8-ից, ըստ ընկերության ներկայացուցիչ Վարդան Չոլախյանի, ընկերությունը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տուգանք՝ տենդերի ընդհանուր գումարի 0,02%-ի չափով։
Հիմա էլ, պարզվում է, որ Ջավախեթյան փողոցում կոյուղագծի աշխատանքների ավարտից և ջրագիծը փոխելուց հետո այս հատվածի ասֆալտապատման աշխատանքները միանգամից չեն սկսվի։ Ընկերության («Ճանապարհաշինության վարչություն №1») տնօրենը, որն ի սկզբանե պետք է ասֆալտապատումն իրականացներ, Jnews-ին հայտնեց, որ այդ հատվածն իրենց պարտականությունների մեջ չի մտնում։ Ի պատասխան Jnews-ի լրագրողների այն հարցին, թե ով և երբ է իրականացնելու ասֆալտապատման աշխատանքները, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունից ասացին, որ այս աշխատանքների համար տենդեր դեռ չի հայտարարվել, գործընթացը ծրագրված է մոտ ապագայում։
Թե կոնկրետ ե՞րբ կասֆալտապատվի այս ճանապարհը, մնում է անհասկանալի։