«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Արթուր Մկոյանը, ով օգոստոսի 24-ին իր տանը խուզարկության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար բերման էր ենթարկվել, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ազատության մեջ է։ Նա նաև հաղորդել է, որ ամեն շաբաթ Life ռեժիմով խոսելու է այն մասին, թե ինչ է կատարվում Ախալքալաքում։

Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի հետ կապված վերջերս սկանդալային պատմության մասնակից Արթուր Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում Life հեռարձակման ժամանակ հայտնել է, որ գիշերը` ժամը 12:00-ին, իրեն բանտից ազատ են արձակել։ Նա նաև ասում է, որ ինքը «ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի անձնական բանտարկյալն է եղել»։ Նա նշում է, որ իրեն հետապնդում են, քանի որ ընդդիմադիր է և «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ։ Նա նաև ասում է, որ պատրաստվում է շաբաթը մեկ անգամ ուղիղ եթեր մտնել իր էջով և բոլորին տեղյակ պահել կատարվածի մասին՝ միաժամանակ անվանելով ոստիկանությանը «զոնդերային բրիգադ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ախալքալաքում հայտնի էր դարձել Արթուր Մկոյանի աղմկահարույց կալանավորման մասին։ Նա բերման էր ենթարկվել իր տան խուզարկության ժամանակ՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։ Նա որպես վարչական պատիժ՝ 11 օր կալանավայրում էր։

Արթուր Մկոյանի կինը լրագրողներին հայտնել էր, որ կալանավորումը ոստիկանության կողմից ամիսներ շարունակ շանտաժի և Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի կողմից սեռական ոտնձգությունների արդյունք է։

Կալանավորման օրը՝ օգոստոսի 24-ին, «ՄԱՇ» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ ասվել էր, որ կալանավորումը քաղաքական հետապնդումների հետևանք է։

Օգոստոսի 25-ին, ՆԳՆ-ն հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր, որ Արթուր Մկոյանը կրակել է ոստիկանի վրա, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել, և հետաքննության շրջանակներում կատարվել է խուզարկություն։ Արթուր Մկոյանը 11 օր անազատության մեջ է անցկացրել, սակայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով հետաքննությունը դեռ շարունակվում է։

Մկոյանի կինը բողոք է ներկայացրել Վրաստանի Դատախազություն՝ Ախալքալաքի ոստիկանապետին մեղադրելով բռնության, սեռական ոտնձգությունների, շանտաժի մեջ…

Այս թեմայով կարդացեք նաև.

Ախալքալաքում ՄԱՇ անդամ Արթուր Մկոյանի կինը դիմել է գլխավոր դատախազություն

Արթուր Մկոյանի կինը մեկնաբանում է ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը

Հրապարակվել են Ախալքալաքում տեղի ունեցած կրակոցների կադրերը (Video)

Ձերբակալություն Ախալքալաքում. Ոստիկանապետին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Արթուր Մկոյանին ազատազրկել են 11 օրով