Օգոստոսի 24-ին Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի ունեցավ Ախալքալաքի բնակիչ Արթուր Մկոյանի տանը խուզարկության ժամանակ ոստիկաններին անհնազանդության գործով դատական նիստը։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց և որպես վարչական պատիժ՝ դատապարտեց 11 օր ազատազրկման։

Ըստ ՆԳՆ-ի, Սամցխե-Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Արթուր Մկոյանի տանը՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստի առթիվ։ Ըստ ՆԳՆ-ի՝ Արթուր Մկոյանը չի կատարել ոստիկանության աշխատակցի հրահանգը, ինչի առնչությամբ բերման է ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 173-րդ հոդվածով։

Սակայն գործը չի ավարտվում միայն 11 օր ազատազրկմամբ։ Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նշանակում է ապօրինի կերպով հրազենի ձեռքբերում, պահում և կրում։

Օգոստոսի 24-ին Ախալքալաքում հայտնի դարձավ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Արթուր Մկոյանի աղմկահարույց կալանավորման մասին։ Նա ձերբակալվել է իր տան խուզարկության ժամանակ։ Արթուրի կինը լրագրողներին ասել է, որ կալանավորումը ոստիկանության կողմից ամիսներ շարունակ շանտաժի և Ախալքալաքի ոստիկանապետի կողմից սեռական ոտնձգությունների արդյունք է։

Ձերբակալություն Ախալքալաքում. Ոստիկանապետին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Նույն օրը՝ օգոստոսի 24-ին, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ճեպազրույց, որտեղ ասվել է, որ կալանավորումը քաղաքական հետապնդումների հետևանք է։

Այսօր ՆԳՆ-ը հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում է, որ Արթուր Մկոյանը կրակել է ոստիկանի վրա, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել, և հետաքննության շրջանակներում կատարվել է խուզարկություն։

Հրապարակվել են Ախալքալաքում տեղի ունեցած կրակոցների կադրերը (Video)