Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, առավոտյան, թիվ 1 նախկին զինվորական ավանի բնակիչներին ընդունել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Նրանք խնդրել են օգնել, որ Պաշտպանության նախարարությունը նախկին զինվորական ավանի բնակելի մասի և զորամասի միջև բաժանարար գիծն անցկացնի առանց բնակիչներին անհարմարություն պատճառելու:
«Մենք քաղաքապետի մոտ էինք, բացատրեցինք իրավիճակը, նա խոստացավ օգնել մեզ», – ասաց բնակիչներից մեկը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ինքն արդեն հանձնարարել է համապատասխան ծառայությանն այցելել այդ վայր, ուսումնասիրել իրավիճակը և նամակ պատրաստել Պաշտպանության նախարարությանն ուղղելու:
«Պաշտպանության նախարարության նախագծի համաձայն, խաղահրապարակը մնում է զինվորական մասում, բնակիչները խնդրեցին այնպես անել, որ այդ տարածքները ներառված չլինեն զինվորական հատվածում: Մենք կներկայացնենք փաստեր, թե ինչու է նրանց նախագծով տարանջատումն անհարմարավետ, մենք նրանց նամակ կուղարկենք և կսպասենք պատասխանի: Մենք այս ամենը կանենք շտապ կարգով: Պահանջելու ենք տարանջատումն այնպես, ինչպես դա մեզ համար նպատակահարմար է », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Գույքի և պլանավորման բաժնի ավագ մասնագետ Ավագ Արևյանը, ով գտնվել է զինվորական ավանում, ասաց, որ իրենք արդեն չափումներն արել են:
«Մենք արդեն պատվիրել ենք օդային լուսանկարահանում, ուզում ենք որոշ տարածքներ գրանցել որպես մունիցիպալ, որպեսզի բնակիչները խնդիրներ չունենան: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Վաղը օդային լուսանկարը պատրաստ կլինի, և մենք գծագրով կդիմենք Պաշտպանության նախարարությանը այդ հողերը մունիցիպալիտետին փոխանցելու համար: Մենք կպահանջենք այն տեղափոխել մունիցիպալ հաշվեկշիռ ասֆալտապատ ճանապարհագծով », – ասաց Ավագ Արևյանը:
Նոյեմբերի 30- ին նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչների և շինարարների միջև բախում էր տեղի ունեցել: Բնակիչները շինարարներին թույլ չէին տվել բնակելի մասի և զորամասի միջև բաժանարար գիծ անցկացնել: Նրանք բողոքում էին փշալարերի այդչափ մոտ տեղադրման դեմ: Քաղաքապետարանի միջամտությունից հետո շինարարները դադարեցրել են աշխատանքները:
Եթե ցանկապատը տեղադրվի նախագծի համաձայն, ապա զորամասում կմնա խաղահրապարակը, որը մունիցիպալիտետը կառուցել էր մի քանի տարի առաջ: Նախագիծը, որի համաձայն նախատեսում են ցանկապատը տեղադրել, կազդի այս մասի բոլոր շենքերին: Բացի այդ, զորամասում մնում է մեկ այլ շենք ևս, որտեղ չորս ընտանիք է ապրում: Ճիշտ է, այս շենքը չի փոխանցվել մունիցիպալիտետի հաշվեկշռին, բայց այնտեղ ապրում են մարդիկ: