Այսօր՝ օգոստոսի 25-ին, Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան մոտեցնում ճանապարհաեզրին և ատրճանակը ձեռքին թեքվում դեպի իր հետևից երթևեկող մեքենայի ուղղությամբ: Ըստ ՆԳՆ-ի տեղեկության՝ զենքով անձը Արթուր Մկոյանն է, ում ոստիկանները բերման են ենթարկել օգոստոսի 24-ի գիշերը՝ իր տան խուզարկության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:
ՆԳՆ-ի տվյալներով՝ Արթուր Մկոյանը կրակել է ոստիկանության աշխատակցի վրա, ով սեփական մեքենայում է եղել:
Ըստ ՆԳՆ-ի տեղեկություններով, ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության աշխատակիցները խուզարկություն են կատարել Արթուր Մկոյանի տանը՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստի առթիվ։
«Այս տարվա օգոստոսի 23-ին, Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկության ընթացքում ենթադրաբար հրազենից կրակել է ոստիկանութան աշխատակցի վրա, ով սեփական մեքենան է վարել»:
Միջադեպից հետո վարորդը թաքնվել է սեփական մեքենայում:
Քննության շրջանակներում պարզվել է վարորդի ինքնությունը, ով վարել է Opel մակնիշի ավտոմեքենան, նա 1985 թվականին ծնված Ա.Մ.-ն է:
«Նշված անձը՝ Ա.Մ.-ն, բնակության վայրում իրավապահների կողմից իրականացված խուզարկության ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի համար բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նշանակում է ապօրինի կերպով հրազենի ձեռքբերում, պահում և կրում։
Օգոստոսի 24-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցին արձագանքել է նաև ՆԳՆ-ն։ Կուսակցության խոսնակը ճեպազրույցում խոսել է Ախալքալաքում իրենց կուսակցության անդամի տանը կատարված խուզարկության մասին՝ ոստիկանության գործողությունները որակելով որպես տեռոր և քաղաքական հետապնդում ընտանիքի նկատմամբ:
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է նաև օգոստոսի 24-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցին: Կուսակցության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ խոսել է Ախալքալաքում իրենց կուսակցության անդամի տանը կատարված խուզարկության մասին՝ ոստիկանության գործողությունները որակելով տեռոր և քաղաքական հետապնդում Արթուր Մկոյանի ընտանիքի նկատմամբ՝ քանի որ Արթուրն իրենց կուսակցության թեկնածու է եղել:
Ըստ ՆԳՆ-ի՝ այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Գործի հարուցումը և ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը Ա.Մ.-ի բնակության վայրում կատարվել են դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս առնչությամբ հրապարակում ենք քաղաքացի Ա.Մ.-ի կողմից զենքից կրակելու տեսագրությունը, որի հիման վրա հետաքննություն է սկսվել և իրավապահների կողմից իրականացվել է խուզարկություն Ա.Մ.-ի բնակության վայրում։
Սակայն Արթուր Մկոյանի կնոջ՝ ոստիկանապետին սեռական ոտնձգության և շանտաժի վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ, ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ մեկնաբանություններ չկան։