Օգոստոսի 24-ի գիշերը, ժամը 00:15 րոպեին Ախալքալաքի ոստիկանությունից գնացել են Արթուր Մկոյանի բնակարան, տունը խուզարկելու նպատակով, քանի որ կասկածներ ունեն, որ տանը զենք կա: Արթուր Մկոյանին ձերբակալել են, իսկ նրա կինը ամուսնու ձերբակալության և իր նկատմամբ սեռական ոտնձգության մեջ է մեղադրում Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեին:
Երբ գիշերը ոստիկանները փորձել են խուզարկել Արթուր Մկոյանի տունը, սակայն Արթուրը, նրա կինը և ծնողները չեն թողել՝ պատճառաբանելով, որ իրենք «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ են և պետք է կուսակցության գլխավոր շտաբին տեղյակ պահեն, ինչպես նաև մինչև իրենց փաստաբանը չգա:
Արթուրի կնոջ՝ Մինա Մկոյանի պատմելով, ոստիկանության աշխատակիցները նրանց զգուշացրել են, որ եթե դուռը չբանան, ապա իրենք այն կջարդեն և ներս կմտնեն, այդպես էլ արել են: Արթուր Մկոյանը դիմադրել է, որպեսզի ոստիկանները ներս չմտնեն, արդյունքում նրան ձերբակալել են։
Մինա Մկոյանի խոսքով, երեխաները քնած են եղել, այդ պատճառով նրանք չեն ցանկացել, որ ոստիկանության աշխատակիցները ներս մտնեն, որպեսզի երեխաները չվախենան։
Ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Մկոյանի տունը: Արթուրի կնոջ խոսքով, ոչ մի բան չգտնելով ներողություն են խնդրել և հեռացել:
«Նրանք ասացին, որ խուզարկում են տունը, քանի որ, իբր ամուսինս օգոստոսի 23-ին կրակել է Ստեփան Սմոյանի վրա, ով ոստիկանության աշխատակից է, և իրենք տեսագրություններ ունեն», – ասում է Մինա Մկոյանը։
Այն ժամանակ, երբ ոստիկանները պահաջել են տան դուռը բացել, Արթուր Մկոյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է միացրել:
Երբ Մինան փորձել է հատակից վերցնել ամուսնու հեռախոսը, վնասել է ձեռքը:
«Ոստիկաններից մեկն ասաց՝ վերցրեք Արթուրի հեռախոսը, երբ ես փորձեցի վերցնել հեռախոսը, նա բռնեց իմ ձեռքից, այդ ժամանակ էլ ստացա վնասվածք», – պատմում է Մինա Մկոյանը։
Վերջինիս խոսքով, այս ամենի մեղավորը Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն է: Դեռ անցած տարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Լոմսաձեն իրեն առևանգել է և հասցրել մինչև Ախալցիխե՝ սեռական ոտնձգություն ցուցաբերելու նպատակով։
«Իմ հետևից մի սև մեքենա էր գալիս, մգեցված ապակիներով, շատ երկար պահեցին ձայնային ազդանշանը, դրա համար ես ճանապարհս փոխեցի, վախեցա և իմ դիմաց հայտնվեց սպիտակ պիկապ ավտոմեքենա», – պատմում է Մինա Մկոյանը։
Նրա պատմելով, մեքենայից դուրս է եկել մի տղամարդ և մոտենալով իրեն հարցրել է՝ արդյո՞ք Մինան ինքն է, և բռնի ուժով նստեցրել ավտոմեքենան, որտեղ էլ Մինան տեսել է ոստիկանապետին։
Մինան ոստիկանապետին հարցրել է՝ ի՞նչ ես ուզում ինձանից, որին ոստիկանապետը պատասխանել է՝ ես քեզ խոստացել էի, որ դու իմն ես լինելու և այդ օրը հենց այսօր է։
«Նա բռնեց իմ երկու ձեռքը, այնուհետև կոկորդիցս և սեռական ոտձգություն էր փորձում ցուցաբերել։ Այդ ընթացում մեքենայի մեջ էր Շալվա Լոմսաձեն, ինձ բռնի կերպով մեքենա նստեցնողը և վարորդը: Շալվան զանգեց ինչ-որ մեկին, և ասաց, որ անջատեն քաղաքի բոլոր տեսախցիկները», – պատմում է Մինան:
Ինքը՝ Մինան դիմադրել է և հարվածել Շալվային, նա էլ իր հերթին հարվածել է Մինային:
«Այդ ընթացքում նա իմ ձեռքից խլեց պայուսակս, որի մեջ գումար էր ու թանկարժեք ոսկյա զարդեր։ Գումարը և ոսկեղենը հանեց և պայուսակս շպրտեց վրաս, վերցրեց երեք մատանի, մեկ խաչ և երկու կուլյոն, ասաց, որ փոշմանելու ես, ու Ասպինձա չհասած իջավ», – ավելացնում է Մինա Մկոյանը։
Վերջինիս պատմելով իրեն մինչև Ախալցիխե են հասցրել, որտեղ էլ նա մի կերպ փախել է մեքենայից, կես ժամից 40 րոպե թաքնվել է այդ վայրում գտնվող զուգարանում, հետո զանգել է ամուսնու եղբորը և պատմել է եղածը, սպասել է մինչև ամուսինը գնացել է իր հետևից։
Հարցին, թե ինչու՞ այդ ժամանակ չեն դիմել ոստիկանություն, ինչու՞ քայլեր չեն ձեռնարկել վերջինս պատասխանեց.
«Մենք լռում էինք, ուզում էինք մոռանալ, բայց մինչև հիմա ապրում ենք վախի մեջ։ Դրանից հետո եղել են դեպքեր, որ նա գրել է ինձ, սպառնացել, որ կբանտարկի ամուսնուս։ Մենք չենք պատասխանել։ Վերջին երեք ամիսների ընթացքում նա հանդիպում էր իմ ամուսնուն տարբեր վայրերում, իջեցնում էր մեքենայի պատուհանը և ամուսնուս հայհոյում էր, շատերն են տեսել, ուղղակի ես չեմ ուզում այդ մարդկանց անունները հրապարակել», – ասում է Արթուրի կինը։
JNEWS-ը կապ հաստատեց Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի հետ, սակայն նա ասաց, որ ժամանակի սղության պատճառով մեր հարցերին չի կարող պատասխանել և, որ մենք կարող ենք դիմել ներքին գործերի նախարարություն, որտեղից մենք առավոտվանից (օգոստոսի 24) սպասում ենք պատասխանի՝ դեպքի մանրամասների և ձերբակալության վերաբերյալ: