Դեռ 2019 թվականի մայիսին Ախալքալաքի քաղաքապետարանը սկսել էր պատրաստել քաղաքում երթևեկությունը կարգավորող նոր նախագիծ: Անցել է 10 ամիս, սակայն ճանապարհային նշանները դեռ տեղադրված չեն, պատճառը ֆինանսների բացակայությունն է եղել: Նոր ճանապարհային նշանների տեղադրումից հետո Ախալքալաքում տեսախցիկները կսկսեն արձանագրել երթևեկության կանոնների խախտումները:
Ճանապարհային նշանների, գծանշանների հարցը արդիական դարձավ անցյալ տարվա գարնանը: Այդ ժամանակ, վիճահարույց նշանների պատճառով, բնակիչները նույնիսկ դատավեճ ունեցան Ախալքալաքի քաղաքապետարանի հետ: Վեճերից հետո քաղաքապետարանը որոշեց վերանախագծել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները, ներառյալ գծանշումները: Սկզբում քաղաքապետարանը և հանձնաժողովը, որը բաղկացած էր պարեկային ոստիկանության, սակրեբուլոյի պատգամավորներից և քաղաքապետարանի աշխատակիցներից, կազմեցին նոր նախագիծ, դրանից հետո նախագիծն ուսումնասիրեցին Սամցխե-Ջավախքի Ճանապարհային ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաև այն քննարկեցին սակրեբուլոյի պատգամավորները: Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի՝ նախագծի իրականացումը հետաձգվում էր ֆինանսների բացակայության պատճառով:
«Քանի որ մենք խելացի տեսախցիկներն ունեինք այս տարվա նախագծում և պետք է մեր ենթակառուցվածքը հարմարեցնեինք, որպեսզի ճանապարհային գծանշանները համապատասխանեն նշաններին, որովհետև տեսախցիկներն արձանագրելու են ճանապարհային երթևեկության խախտումները: Մենք առանձին-առանձին նախատեսել ենք ինչ-որ բան, քանի որ մեր նախագիծը նախատեսում էր հոծ գծեր, «զեբրեր» և այլ գծանշաններ: Բյուջեի ճշգրտումներում, որը կլինի փետրվարին, նախատեսվում է հատկացնել 44 500 լարի՝ խնդրահարույց ճանապարհային նշանների հարցը լուծելու և տեսախցիկները միացնելու համար», – ասում է քաղաքապետարանի աշխատակից Վրեժ Բերիկյանը: