Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը հացի և հացաբուլկեղենի արտադրության գործընթացում չի վերահսկում քաշը և գինը, սակայն հացի փռերի սանիտարահիգիենիկ վիճակը և ապրանքների տեղափոխման պայմանները գտնվում են նրանց իրավասության տակ։ Սակայն, Ախալքալաքում հացաբուլկեղենի տեղափոխման սանիտարահիգիենիկ պայմանները հաճախ չեն պահպանվում։
Ավելի քան մեկ ամիս առաջ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները բարձրացրել
էին Ախալքալաքում հացի քաշի և գնի անհամապատասխանության հարցը։ Jnews-ը նույնիսկ երկու տարբեր հացեր էր կշռել։ Սովորական հացը կշռում էր 520 գրամ և արժեր 1 լարի 20 թեթրի, այսինքն՝ 1 կգ նման հացի համար սպառողը վճարում է մոտ 2 լարի 30 թեթրի։ 2 մատնաքաշ հացը կշռում էր 770 գրամ, արժեքը՝ 2 լարի, այս դեպքում 1 կգ հացն արժե 2 լարի 50 թեթրիից ավելի։
Այս հարցը քննարկվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, առաջարկ եղավ ստեղծել հանձնաժողով, զրուցել Ախալքալաքի հացարտադրողների հետ և ինչ-որ լուծում գտնել, քանի որ Ախալքալաքում հացը թանկացել է, իսկ քաշը նվազել։ Նրանք ցանկանում էին նամակ ուղարկել Վրաստանի Էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովին (GNERC), սակայն դրանից հետո պատգամավորները հրաժարվեցին զբաղվել այս հարցով։ Մերժումը հիմնավորեցին նրանով, որ նրանք դրա իրավունքը չունեն, ինչպես նաև իմաստ չունի դիմել Վրաստանի Էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովին (GNERC), քանի որ հանձնաժողովը չի վերահսկում հացի արտադրությունը։
Ախալքալաքի իշխանությունները ցանկանում են վերահսկել հացի քաշն ու գինը
Ախալքալաքում հացի արտադրությունը վերահսկող հանձնաժողով չի ստեղծվի
Պարզելու համար, թե ով է վերահսկում և ինչպես է վերահսկվում հացաբուլկեղենի արտադրության հետ կապված իրավիճակը, Jnews-ը դիմեց Վրաստանի Սննդի ազգային գործակալությանը։ Մեր հարցադիմումին տրվեց հետևյալ պատասխանը.
«Սանիտարահիգիենիկ պայմաններն ու հացի տրանսպորտավորման պայմանները վերահսկվում են Սննդի գործակալության կողմից, հացի գինն ու քաշը մեր իրավասությունների մեջ չեն մտնում»,- ասվում է նամակում։
Նշենք, որ Ախալքալաքում հացի փռերից խանութներ տեղափոխելիս չեն պահպանվում հացի տրանսպորտավորման սանիտարահիգիենիկ պայմանները, հացը տեղափոխում են սովորական մեքենաների բեռնախցիկներով, երբեմն ստվարաթղթե տուփերով, երբեմն առանց դրա՝ բաց ձևով։