Դպրոցներում մինչև օրս շարունակվում են ուսուցիչների կողմից տարաբնույթ պատժիչ գործողություններ կատարելու դեպքերը, որոնք ուղեկցվում են երեխաների սթրեսային վիճակներով, որոնցից ծնողները երբեմն մնում են անտեղյակ, երբեմն էլ չի ստացվում «վաստակել» երեխայի վստահությունը:
Շարունակելով հարց ու պատասխանի ձևաչափը, Jnews-ը կիսվում է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի մասնագիտական խորհուրդներով:
Երբ երեխան խնդիրներ է ունենում իր հասակակիցների հետ դպրոցում, որը ճնշում է նրան, ի՞նչ անի ծնողը և ինչպե՞ս օգնի երեխային:
Իրականում սա ուսուցչի և դպրոցի խնդիրն է: Եվ պետք է միջավայրը, մարդիկ, պրոցեսներն այնպես կազմակերպված լինեն, որ այդ խնդիրը դպրոցից դուրս չգա և դպրոցի ներսում, փոքր համակարգում լուծում ստանա: Ծնողը պետք է գնա դպրոց, քննարկի տնօրինության և ուսուցչի հետ տվյալ խնդիրը: Սա կոչվում է բուլինգի տեսակ, այսինքն՝ ճնշման ենթարկելու, վատաբանելու ինչ-որ տարբերակ, որը շատ հաճախ բնորոշ է դպրոցներին, իսկ լռությունը կործանարար է լինում: Երեխան թիրախավորվում է, դառնում է բոլորի պատկերացումների թիրախը և ցանկացած իրավիճակում սկսում են արդեն պրոյեկտել ինչ-որ իրավիճակներ այդ երեխային: Կան իրավիճակներ, երբ հարցը մեծերը պետք է լուծեն, երբ երեխան ի զորու չէ միանձնյա «կռիվ» տանել իր նման երեխաների հետ, որովհետև դա վերածվում է կենդանական աշխարհի սկզբունքների նման մի բանի, այսինքն՝ կոպիտ ասաց ապրելու և գոյատևելու խնդիր է դառնում, դրա համար հարցը պետք է գիտակից և ռացիոնալ, մեծ մարդիկ լուծեն:
Եթե խնդիր է ծագում է երեխայի և ուսուցչի միջև և ուսուցիչը պատժելու, վիրավորելու մեթոդով է փորձում երեխային կրթել, ինչպիսի՞ լուծում պետք է գտնի ծնողը:
Իրականում բոլոր ժամանակներում հակամանկավարժական գործողությունը եղել է, կա ու շարունակվելու է: Դա մի բան է՝ ինչը խոսում է տվյալ մարդու և տվյալ մասնագետի ոչ մասնագիտական լիարժեք գիտելիքների, իսկական մանկավարժ լինելու, երեխաներին սիրելու, հարգելու և մի շարք գործոնների բացակայության մասին: Այստեղ կա երկու ձևակերպում՝ մեկը դա դասատուն է, մյուսը՝ մանկավարժը, այսինքն՝ դասատուն մեր իրականության մեջ ընկալվում է որպես դաս տվող կերպար, իսկ ուսուցիչը նա է, ով ուսուցանում է, առաջին հերթին մարդկային փոխհարաբերություններ է սովորեցնում երեխաներին, և այստեղ շատ կարևոր է, որ ծնողն անընդհատ ներգրավված լինի դասապրոցեսում:
Շատ կարևոր է մշտապես հասկանալ թե երեխան ինչ տրամադրությամբ է տուն գալիս, ինչպես է խոսում, ուղղակի հարցեր չտալ, այլ օրինակ հարցնել դու այսօր ի՞նչ ես զգացել, ի՞նչն է քեզ ուրախացրել և հակառակը, կա՞ր ինչ-որ մի բան ինչը քեզ անհանգստացրեց, կուզեի՞ր դու դրա մասին խոսել, այսօր դու ու՞մ ես օգնել և այլն: Սրանք ուղիղ հարցեր են, որոնց երեխաները շատ չեն սիրում պատասխանել ու խոսել: Նրանք դժվարանում են բառերով նկարագրել իրենց հույզերը, նրանք կարիք ունեն համեմատության, որը տեսանելի կլինի, խորհուրդ եմ տալիս փորձել նմանատիպ միջոցներով օգնել և տանը ունենալ արկղի նման մի բան, որտեղ երեխան ինչ որ հանգստացնող բաներ կունենա՝ օրինակի համար փուչիկ կլինի, որը ինքը կփչի, շնչառական վարժություն կանի, կհանգստանա կամ կնկարի:
Ինչպես եք վերաբերվում պատժի կիրառմանը, կա արդյո՞ք արդարացված պատիժ:
Ես պատժելու կողմնակից չեմ, երեխայի հետ հարաբերություններում ես ավելի կողմ եմ հստակ սահմանների հաստատմանը: Երեխան վաղ տարիքից սկսած ամեն փուլում ունի որոշակի անելիք, որն անելով ստուգում է մեծահասակների արձագանքը: Այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր խոսքով, ոչ թե ագրեսիվ բարկությամբ ցույց տանք, որ մեր համար իր վարքը, իր այդ արարքն ընդունելի չէ: Ինչքան երեխան մեծանում է, այնքան մենք պետք է մեր ձայնի տոնայնությունը, հարաբերությունները, խոսակցությունները կառուցենք այնպես որ երեխան հասկանա, որ կա սահման, որը չպետք է հատել, գիտակցի, որ պարգևատրվելու է, երբ լավ վարք կդրսևորի, բայց այդ խրախուսանքը ոչ թե առարկայական պետք է լինի, այլ պետք է ավելի շատ կենտրոնացած լինի երեխայի էմոցիաների վրա, սա է հավասարակշռության բերում: Երբեմն ծնողները կենտրոնանում են կոնկրետ պատժելու և սահմանափակելու վրա, ուշադրություն չդարձնելով խրախուսելու կոմպոնենտին:
Ի՞նչ անել, որպեսզի երեխան վստահի ծնողին:
Առաջին բանը քննադատության գործոնն է, որը պետք է պակաս լինի ծնող-երեխա հարաբերություններում, որովհետև ծնողը միշտ դիտարկում է, որ իր երեխան դեռ փոքր է, դեռ շատ բան կա, որ ինքը չգիտի ու չի հասկանում: Երկրորդ բանը լավատեսությունն է, պետք է միշտ լավատես լինել, որ երեխայի վարքը փոխվելու է: Երրորդն այն է, որ ինչքան էլ երեխան ինչ-որ պատագայում մեղավոր լինի և իրենից «սպասելիքներ» ունենան, ամեն դեպքում պետք է շարունակել մնալ երեխայի կողքին՝ աջակցել, օգնել դասերը պատրաստել, ուսուցիչների հետ հարաբերություններ կարգավորել, որպեսզի երեխան հաջողություններ գրանցի:
Լիդա Ալմասյան