Այսօր Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել 5 ամիս առաջ Ճավճավաձե փողոցի №5-ում տեղադրված «Կայանելն արգելվում է» նշանի գործով, որը հանգեցրել էր այդ փողոցի բնակիչների, այնտեղ գտնվող բուքմեյքերական գրասենյակի սեփականատերերի եւ քաղաքապետարանի միջեւ «առճակատման»: Դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է ապամոնտաժել նշանը:

Ճավճավաձե փողոցի բուքմեյքերներական գրասենյակի սեփականատերերից մեկը՝ Միշա Կրմաջյանը հայց էր ներկայացրել քաղաքապետարանի դեմ, պահանջելով բուքմեյքերական գրասենյակի մոտ ապամոնտաժել «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը: Նա գտնում է, որ նշանն ապօրինի է, քանի որ գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ճավճավաձե փողոցի բնակիչ, Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության վարչության աշխատակիցը 2018 թ. դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան էլեկտրական սյան վրա է ամրացնում ճանապարհային նշանը: Քաղաքապետարանը պնդում էր, որ այդ նշանի գտնվելն այդ վայրում օրինական է եւ փաստաթղթավորված, բայց նրանք ստեղծել էին հանձնաժողով, որը ուսումնասիրել էր ճանապարհային նշանները եւ մշակել քաղաքում երթեւեկությունը կարգավորող նախագիծ:

Երեկ տեղի է ունեցել դատական նիստ, այսօր հայտարարվել է դատական որոշումը, ըստ որի Ճավճավաձե փողոցի №5 հասցեում վերոհիշյալ նշանի տեղադրումը ճանաչվել է անօրինական: Դատարանը նաեւ բավարարել է քաղաքապետարանի կողմից հայցվորի պետական տուրքի հատուցումը, փաստաբանի ծառայությունների ծախսերի մասնակի փոխհատուցումը, իսկ տուգանքի փոխհատուցման պահանջը դատարանը չի բավարարել:

Քաղաքապետարանից մեզ ասացին, որ չեն կարող ճշգրիտ պատասխաններ տալ մեր հարցերին, մինչեւ նրանք գրավոր տեսքով չստանան դատական որոշումը: