«Լելո» կուսակցությունից Սակրեբուլոյի պատգամավոր Զաքար Զաքարյանն առաջարկում է Սակրեբուլոյին կից հանձնաժողով ստեղծել, որը կվերահսկի մունիցիպալիտետում հացի արտադրությունը, քանի որ հացի գինը բարձրանում է, իսկ քաշը՝ նվազում։
Երեկ՝ հունվարի 25-ին, Տերիտորիալ-տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նիստում «Լելո» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանն առաջարկեց մունիցիպալիտետում ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել հացի արտադրությունը, դիմել Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողով [GNERC].
«Հացի հարցը շատ լուրջ է: Պատգամավորը պետք է մտնի այնտեղ, որտեղ ժողովրդին հուզող հարցեր կան: Հացն այնքան է փոքրացել, որ եթե երկար թխվի՝ կվառվի, իսկ եթե քիչ՝ հում մնա: Եկեք նամակ ուղարկենք Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների ազգային կարգավորող հանձնաժողով [GNERC]: Այս հարցը ոչ միայն ինձ է հուզում, հացը բոլորն են օգտագործում, ամեն օր, այն ռազմավարական նշանակություն ունի, սա այլ մթերք չէ: Ալյուրը թանկացել է 10 լարիով, հացը դառել է 1 լարի, բայց արտադրողները 10 լարի թանկացման արդյունքում 180 լարի եկամուտ են ստանում։ Ջավախքում հացի գինն ամենաբարձրն է Վրաստանում, հանձնաժողով ստեղծենք և ուսումնասիրենք այս հարցը։ Մենք իրավունք ունենք վերահսկել հացի արտադրությունը մունիցիպալիտետում, – ասաց Զաքար Զաքարյանը։
Նա նաեւ առաջարկեց հավաքել մունիցիպալիտետի բոլոր հացթուխներին ու նրանց հետ քննարկել այս հարցերը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը նշեց, որ Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովը [GNERC] չի վերահսկում հացի գինը, սակայն համաձայնեց, որ կարելի է հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել իրավիճակը։
«Վաղը սակրեբուլոյի նիստում մենք պատգամավորներին կառաջարկենք ստեղծել հանձնաժողով, այն կաշխատի, կուսումնասիրի իրավիճակը, կպարզի, թե ում պետք է դիմել այս հարցով և կդիմենք որտեղ անհրաժեշտ է»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Սակրեբուլոյի նիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 26-ին:
Մեր տվյալներով՝ Ախալքալաքում կա հացի 8 և լավաշի 6 փուռ։
Jnews-ն կշռել է երկու տարբեր հացեր։ Սովորական բուխանկա հացը կշռում էր 520 գրամ, արժեքը՝ 1 լարի 20 թեթրի, այսինքն՝ 1 կգ նման հացի համար սպառողը վճարում է մոտ 2 լարի 30 թեթրի։ Երկու մատնաքաշը կշռում էին 770 գրամ, արժեքը՝ 2 լարի, 1 կգ նման հացն արժե 2 լարի 50 թեթրի։