Ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետում, վերջին տարիներին Եվրոպայի օրինակով զարգանում է ցեմենտ-բետոնե ճանապարհների կառուցումը: Այս փուլում մունիցիպալիտետում կա Սուլդա-Մյասնիկյան ցեմենտ-բետոնե ճանապարհի մի հատված՝ 2682 երկարությամբ և 4,5 մ լայնությամբ: Այս տարի նախատեսվում է նաև կառուցել ևս 10 կմ ցեմենտ-բետոնե ճանապարհ:
Վրաստանում առաջին երկաթբետոնե ճանապարհը (մայրուղի-E60) կառուցվել է 2006 թվականին, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում ճանապարհի մի հատվածը (Սուլդա-Մյասնիկյան) կառուցվել է 2020 թվականին:
Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում կա միայն մեկ ցեմենտ-բետոնե ճանապարհ: Եվս երկու նախագծի համար Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն հայտարարել է նախահաշվարկի պատրաստման համար տենդեր: Սա Դիլիսկա-Պտենա-Չունչխա ճանապարհի հատվածն է, որը սկսվում է Դիլիսկա գյուղի վերջից մինչև Պտենա գյուղ` 5 մ լայնությամբ և մոտ 4500 մ երկարությամբ: Կվերականգնվի նաև Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհը` մոտ 5500 մետր երկարությամբ և 4,5 լայնությամբ: Ճանապարհի վերականգնումը կսկսվի Խավեթ գյուղից:
Սուլդա-Մյասնիկյան ցեմենտ-բետոնե ճանապարհի կառուցումից հետո ոմանք սկսեցին բողոքել, որ նոր ճանապարհը նեղ է, և հնարավոր չէ ազատ վարել մեքենան: Բայց, ինչպես պարզվեց, ընդհանուր առմամբ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մյասնիկյան գյուղի բնակիչները գոհ են ճանապարհից, և նրանք ասում են, որ նեղությունը չի խանգարում երթևեկին:
«Դա մեզ չի խանգարում, եթե մեքենա է հանդիպում, կարելի է դուրս գալ ճամփեզր և անցնել: Բացի այդ, ճանապարհին կան հատուկ տեղեր (այսպես կոչված ճանապարհային գրպաններ), որպեսզի կարողանանք միմյանց զիջել», – ասում է Արմեն Դուրգարյանը:
«Ճանապարհն իրոք նեղ է, շատ ավելի լավ կլիներ, եթե ավելի լայն լիներ, բայց սա նույնպես մեզ ձեռնտու է», – ասում է Արմեն Մանուկյանը:
Պարզելու համար, թե որն է ցեմենտ-բետոնե ճանապարհի առավելությունը, և ինչու են որոշել նոր ճանապարհները կառուցել բետոնից, և ոչ թե սովորականի պես՝ ասֆալտից, Jnews-ը դիմեց Ախալքալաքի քաղաքապետարան: Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսագիտության և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, ցեմենտ-բետոնե ճանապարհը ասֆալտից էժան է, ինչպես նաև՝ դիմացկուն:
Ընդհանուր չափանիշների համաձայն, ցեմենտ-բետոնե ճանապարհների առավելությունը հետեւյալն է.
– Բեռնատարների համար մինչև 20%, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար մինչև 12% վառելիքի խնայողություն՝ ցածր դիմադրության պատճառով:
– Մինչև 20% էներգիայի խնայողություն՝ բետոնի ավելի լավ արտացոլման պատճառով թունելների և ճանապարհների լուսավորության հետևանքով:
– Ճանապարհի շահագործման և վերանորոգման ընթացքում գումարի և շինանյութերի խնայողություն, ծառայության ցիկլի նվազեցում:
– Ծառայած բետոնե ծածկի վերամշակումը և դրա վերաօգտագործումը՝ ճանապարհի հիմքը ամրացնելու կամ նոր ճանապարհի հիմք կառուցելու համար:
– Եղանակային վատ պայմաններում, ինչպես նաև գիշերային ժամերին ճանապարհի բարձր տեսանելիություն:
– Բետոնե ծածկից բարելավված ջրահեռացում:
– Ճանապարհների բարձր ամրություն և դիմացկունություն:
– Ավելի քիչ անհարթություններ և ալիքաձև մակերևույթ:
– Մայրուղիների բեռնունակության բարձրացում:
– Քիմիական փոխազդեցությունների նկատմամբ բարձր դիմադրություն:
Ճանապարհների շահագործման ժամկետը հետևյալն է. Ասֆալտե ճանապարհը` 5-8 տարի, ցեմենտ-բետոնեն` 20-30 տարի:
Ժամանակը ցույց կտա, թե որքան դիմացկուն կլինի ցեմենտ-բետոնե ճանապարհը Ախալքալաքի եղանակային պայմաններում: