Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքում Զազա Փերաձեի անվան նախնական մարտական պատրաստության կենտրոնում հարգանքի տուրք են մատուցվել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակին:

Ախալքալաքի, Կումուրդոյի և Ղարսի թեմի ավագ քահանա Ալեքսանդր Քասաշվիլին Աբխազիայում զինված հակամարտության ժամանակ զոհվածների հոգիների հոգեհանգստյան կարգ է անցկացրել։

Ներկա են գտնվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և Շրջանային ժողովի նախագահ Նաիր Իրիցիանը։

383229124_803054071823210_5629300730695472549_n

Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր վարչական շենքերում այսօր իջեցվել է Վրաստանի պետական դրոշը։

Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հիշեցնենք, Սոխումիի անկումից անցել է 30 տարի: Աբխազիայում ռազմական դիմակայությունն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրաստանի կառավարական զորքերի և աբխազ անջատողական ուժերի միջև հակամարտությունը տևել է 13 ամիս և 13 օր: Հակառակորդը, խախտելով հրադադարի պայմանագիրը, կարողացել է վերցնել Սոխումին:

Ըստ վրացական կողմի չհաստատված տվյալների՝ զոհվել է ավելի քան 10 հազար վրացի զինվոր և խաղաղ բնակիչ: Աբխազիայից 300 հազար ներքին տեղահանվածներ մնացել են անօթևան: